չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Վիճակագրական կոմիտեն արձագանքել է գյուղատնտեսության ոլորտում գրանցված աճը կասկածի տակ դնող մեկնաբանություններին

Վիճակագրական կոմիտեն արձագանքել է գյուղատնտեսության ոլորտում գրանցված աճը կասկածի տակ դնող մեկնաբանություններին

Հայաստանի վիճակագրական կոմիտեն պարզաբանում է ներկայացրել 2021 թվականի առաջին կիսամյակում գյուղատնտեսության ոլորտում 6.8 տոկոս աճի ցուցանիշի հիմնավորվածության վերաբերյալ՝ անդրադառնալով աճի նման ցուցանիշը կասկածի տակ դնող մեկնաբանություններին:

«Արմենպրես»-ի հետ զրույցում թեմային անդրադարձել է Վիճակագրական կոմիտեի գյուղատնտեսության և պարենային ապահովության վիճակագրության բաժնի պետ պարոն Արսեն Ավագյանը:

Նա հարկ համարեց նշել, որ 2021թ. առաջին կիսամյակի գյուղատնտեսության 6.8% աճն ապահովվել է հիմնականում բուսաբուծության 22.1% աճի հաշվին, անասնաբուծությունը նվազել է 1.4%-ով: «Բուսաբուծության նման բարձր աճն ապահովվել է հունիս ամսվա ընթացքում: Նման բարձր աճի պատճառը, ըստ սկզբնական տեղեկատվություններ ներկայացնողերի բացատրությունների, հունիս ամսվա բարձր ջերմային ֆոնն է, ինչի հետևանքով հուլիսի բերքահավաքի մի մասը կատարվել է արդեն հունիսին: Այլ կերպ ասած բույսերի վեգետացիան՝ հասունացումը, հունիսին արագացել էր: Այսպես, օրինակ , եթե 2020թ. առաջին կիսամյակին հավաքվել էր 4 000 տոննա հացահատիկ և հատիկաընդեղեն, ապա 2021 թ. առաջին կիսամյակում 12.5 հազ. տոննա կամ եթե 2020թ. առաջին կիսամյակում բոստանային մշակաբույսերի բերքը կազմել էր 2.7 հազ. տոննա, ապա 2021թ. առաջին կիսամյակում 10 հազ. տոննա: Բուսաբուծական արտադրանքի առավել մանրամասն տեղեկատվությունը զետեղված է «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2021թ. հունվար-հունիսին» տեղեկատվական ամսական զեկույցի 22-րդ էջում: Եվ բոլոր այդ ցուցանիշները վկայում են առաջանցիկ վեգետացիայի մասին»,- պարզաբանեց Ավագյանը:

Վիճակագրական կոմիտեի արդյունաբերության և էներգետիկայի վիճակագրության բաժնի պետ տիկին Անահիտ Ավետիսյանն էլ «Արմենպրես»-ի հետ զրույցում մեկնաբանել է շրջանառվող խոսակցություններն այն մասին, թե տարօրինակ է գյուղատնտեսական ցուցանիշի նմանօրինակ աճը, երբ վերամշակող արդյունաբերության սննդի հատվածում ամենուրեք անկում է:

«Ընդհանուր պատկերն այդպիսին չէ: Սննդամթերքի արտադրությունը 2021թ. առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3.3%-ով: Ցուցանիշները հրապարակված են «Արդյունաբերական կազմակերպությունների հիմնական ցուցանիշներն ըստ տնտեսական գործունեության հնգանիշ դասակարգման, 2021թ. հունվար-հունիսին» վիճակագրական տեղեկագրի 7-16-րդ էջերում: Սննդամթերքի տարբեր տեսակների արտադրության մեջ առկա են ինչպես աճի, այնպես էլ նվազման միտումներ: Այսպես, առավել մեծ տեսակարար կշիռ ունեցող գործունեության տեսակներից աճ է արձանագրվել «Մսամթերքի արտադրության, այդ թվում թռչնամսից» 9.6%, «Մրգերի և բանջարեղենի մշակում և պահածոյացում»՝ 29.3%, «Կակաոյի, շոկոլադի և շաքարե հրուշակեղենի արտադրություն»՝ 9.9%, և այլ գործունեության տեսակներով: Դրան հակառակ, նվազման միտումներ են արձանագրվել «Կաթի մշակում, կարագի և պանրի արտադրություն»՝ 1.4%, «Ալրաղաց արդյունաբերության մթերքի արտադրություն»՝ 3.9%, «Պատրաստի անասնակերի արտադրություն»՝ 1.5%, և այլ գործունեության տեսակներով:  Հակաբևեռ միտումների ցանկը բավականին լայն է»,- մանրամասնեց Ավետիսյանը:

  • Կիսվել: