հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Վերջապես «Հյուսիս–հարավ» ճանապարհը հասնում է նաև հարավ. ՀՀ ՏԿԵ նախարար

Վերջապես «Հյուսիս–հարավ» ճանապարհը հասնում է նաև հարավ. ՀՀ ՏԿԵ նախարար

«Հյուսիս–հարավ» ճանապարհը հասնում է հարավ։ Այս մասին «Հյուսիս-hարավ» միջանցքի ներդրումային ծրագրի փաստաթղթի ստորագրման արարողության բացման ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

Նշենք, որ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի և «Աբադ Ռահան Պարս» Ինթերնեյշնլ Գրուպ և «Թունել Սադ Արիանա» համատեղ ձեռնարկություն միջև կնքվում է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի 4–րդ տրանշի շրջանակներում Ագարակից-Վարդանիձոր (մոտ 21կմ) ճանապարհի հիմնանորոգման, Վարդանիձորից մինչև թունելի ելք (մոտ 11կմ) ճանապարհի կառուցման պայմանագիր։

«Այսօր բոլորս միասին սկիզբ կդնենք «Հյուսիս–հարավ» ճանապարհի հարավային հատվածի շինարարության մեկնարկին։ Եվ ինչպես երբեմն մեր խոսակցության մեջ նշում ենք` բարդ բավական ճանապարհ, փուլեր անցնելուց հետո վերջապես «Հյուսիս–հարավ» ճանապարհը հասնում է նաև հարավ»,–ասաց նա։

Սանոսյանն ընդգծեց, որ հայ և իրանական ժողովուրդները հազարամյակների բարեկամական, եղբայրական հարաբերություններ ունեն և դրա ֆոնին չափազանց կարևոր է նաև երկկողմ տնտեսական, ենթակառուցվածքային ոլորտներում համագործակցությունը։
«Այս ծրագրի մեկնարկը ոչ միայն լավ առիթ է ֆիքսելու մեր միջև համագործակցության բարձր մակարդակը, այլ նաև կարող է լրացուցիչ խթան հանդիսանալ ճանապարհաշինության, դպրոցաշինության, ջրամբարաշինության և ընդհանրապես ենթակառուցվածքային տարբեր ծրագրերում մեր համագործակցության ավելի խորացմանը` իրանական ընկերությունների ներգրավման առումով»,–հավելեց նախարարը։
 
«Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքը Հայաստանում իրականացվող խոշոր ենթակառուցվածքային ծրագիր է, որի նպատակն է հարևան երկրների հետ հաղորդակցման դյուրինացումը, Կենտրոնական Ասիա, Եվրոպա ձգվող հաղորդակցության ուղիներով դեպի արտաքին շուկաներ ելքի հնարավորությունների ընդլայնումը, տնտեսության հիմնական ոլորտների զարգացումն ու արտահանման ընդլայնումը և այլն:
Ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող այս ճանապարհի կառուցումը կապահովի Հայաստանի հարավային սահմանից դյուրին երթևեկությունը մինչև Վրաստանի սահման, ապա նաև դեպի սևծովյան նավահանգիստներ։ Դա թույլ կտա իրականացնել բարձր չափանիշներին համապատասխանող բեռնափոխադրումներ և ուղևորափոխադրումներ, զարգացման լուրջ հնարավորություններ կընձեռի Հայաստանի հարավից հյուսիս ընկած բոլոր բնակավայրերին:

  • Կիսվել: