ուրբաթ, հուլիս 24
24 / 7 / 2026
Վարչատարածքային բաժանման օրենքի շուրջ քննարկումներն ԱԺ-ում շարունակվում են

Վարչատարածքային բաժանման օրենքի շուրջ քննարկումներն ԱԺ-ում շարունակվում են

Խորհրդարանական քառօրյան այսօր սկսվել է փոխադարձ մեղադրանքներով: Ֆինանսական համահարթեցման մասին նախագծի քննարկման ժամանակ պատգամավորները շեղվել են թեմայից ու անդրադարձել «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքին, որն ընդունվել է 2010 թվականին:

Քննարկումը սկսվել է «Հայաստան» խմբակցության քարտուղարը Արծվիկ Մինասյանի հարցից, որն ուղղված էր տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանին:

«Երկար տարիներ եղել եք այն կառավարությունում, որը ոչ միայն հեղինակել է «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքը՝ իր բոլոր փոփոխություններով, այլ եղել եք նաև պատասխանատու այդ դիրքում: Դուք նաև լսել եք հնչեցված մեղադրանքներն այդ օրենքի այն ձևակերպումներին, թե իբր այդ օրենքով նկարագրված են ՀՀ պետական սահմանները, այդ թվում՝ Ադրբեջանի հետ: Դուք այս տեսակետի կո՞ղմ եք, թե՞ ինքներդ էլ եք համարում, որ այդ օրենքով չէր կարող ՀՀ պետական սահմանի հարց քննարկվել»,- հարցրեց Մինասյանը:

«Ես չեմ լսել որևէ հիմնավորում, երբ ասվել է, որ սահմանները որոշվում են «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով: Ոչ ոք նման բան չի ասել, համենայն դեպս, իմ հիշողության մեջ այդպիսի բան չկա և՛ հին, և նոր ժամանակաշրջաններում»,- ասաց ՀՀ ՏԿԵ փոխնախարար Վաչե Տերտերյանը:

«Մեր հարգելի գործընկերներից շատերը կամ մեր հարգելի գործընկերների ներկայացրած քաղաքական ուժը ժամանակին քվեարկել է մի նախագծի, որով սևով սպիտակին գրված է՝ սահմանից այն կողմ Ադրբեջանի Հանրապետությունն է: Հիմա մեր ամբողջ ասածն ի՞նչ է, որ, ժողովո՛ւրդ ջան, ձեր ասածներն ու արածները չեն համապատասխանում: Նույն քաղաքական ուժը քվեարկում է տվյալ պնդման կողմ, որն ասում է, որ Սյունիքում այս կետից այն կողմ Ադրբեջանն է, հետո ասում՝ դավաճանաբար հանձնվեցին հայկական բնակավայրեր: Ոչ ոք չի պնդել, որ սահմանը որոշվում է վարչատարածքային բաժանման օրենքով: Բայց պնդումն այլ է. այն պատգամավորները, որոնք ժամանակին քվեարկել են այդ նախագծի օգտին, նաև քվեարկել են դրանում ներառված պնդման կողմ»,- ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը: 

  • Կիսվել: