հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Վարչապետի մոտ քննարկվել է գույքահարկի նոր համակարգի ներդրմանն ուղղված աշխատանքների ընթացքը

Վարչապետի մոտ քննարկվել է գույքահարկի նոր համակարգի ներդրմանն ուղղված աշխատանքների ընթացքը

Վարչապետ

Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Հայաստանում անշարժ գույքի հարկման համակարգի վերանայման ուղղությամբ ներկայացված առաջարկությունները: Դրանք ներկայացվել են՝ հաշվի առնելով ավելի վաղ վարչապետի մոտ տեղի ունեցած քննարկումների արդյունքները:

 

Մասնավորապես, առաջարկությունները վերաբերել են բնակարանների, հասարակական, արտադրական տարածքների, ավտոտնակների, չկառուցված հողամասերի գույքահարկի դրույքաչափերին: Անդրադարձ է կատարվել գույքերի և տարածքների գնահատման մեթոդաբանությանը, դրույքաչափերի փոփոխությունների հնարավոր ազդեցություններին:

 

Նշվել է, որ առաջարկությունների նպատակն է բարձրացնել հարկման հասցեականությունը:  Պատասխանատուներն ընդգծել են՝ փոփոխությունների արդյունքում ակնկալվում է հանրապետությունում ներդնել անշարժ գույքի արդյունավետ գնահատման ու հարկման համակարգ:

 

Վարչապետ Փաշինյանը հանձնարարել է ներկայացված առաջարկությունների հիման վրա մշակել համապատասխան հայեցակարգ՝ հաշվի առնելով քննարկման ընթացքում հնչեցված դիտարկումներն ու կարծիքները:

 

  • Կիսվել: