հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Վարչապետի աշխատակազմը նպատակ է դրել նվազագույնի հասցնել հրատապ կարգով ԱԺ բերվող նախագծերը

Վարչապետի աշխատակազմը նպատակ է դրել նվազագույնի հասցնել հրատապ կարգով ԱԺ բերվող նախագծերը

Ազգային ժողովի արտահերթ նիստերի հետ կապված հարցը, որոնց ընթացքում խորհրդարան են տարվում հրատապ նախագծեր, մշտական խնդիրներից մեկն է։ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ այս մասին ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։

«Ազգային ժողովի արտահերթ նիստերի հետ կապված հարցը մշտական խնդիրներից մեկն է։ Եվ այս հարցը մշտապես մեր և նախարարությունների կռիվն է դառնում, որովհետև երբեմն նկատում ենք, որ ինչ-որ մարմնում կամ գերատեսչությունում «Պողոս Պողոսյան» վարչության պետը քնել, քնել է և, երբ կարմի լույսը վառվել է, ասել է, որ այս նախագիծը հրատապ է, և, եթե այն չընդունենք, կունենանք աղետ։ Այս խնդիրը մշտապես քննարկվում է»,- ասաց Հարությունյանը։

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի խոսքով՝ միջազգային կազմակերպությունից ստացվել են վերլուծություններ, որոնք նշել են, որ Հայաստանի ընդհանուր վարկանիշների վրա որոշակի ազդում է հենց հրատապությամբ բերվող նախագծերի խնդիրը։

«Մենք շատ հստակ մեր առջև նպատակ ենք դրել, որպեսզի նվազագույնի հասցվի նման նախագծերի բերելը Ազգային ժողով և փորձենք գտնել, թե որտեղ է խնդիրը։ Այստեղ նաև պատասխանատվության հարց է առաջանում, թե ինչո՞ւ է մնացել նախագիծը երկար ժամանակ և վերջում բերվել։ Այս խնդիրը կա, բայց եթե համեմատական անցկացնենք, նախորդ տարվա համեմատ այս թիվը ևս նվազել է»,- ասաց Հարությունյանը։

  • Կիսվել: