ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Վահան Քերոբյանն ու դեսպան Ջոն Գալագերը քննարկել են տեքստիլ ոլորտում առկա խնդիրները

Վահան Քերոբյանն ու դեսպան Ջոն Գալագերը քննարկել են տեքստիլ ոլորտում առկա խնդիրները

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ու Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերը մարտի 18-ին Հայաստանի տեքստիլ արդյունաբերության աջակցության ծրագրի շրջանակում այցելել են «Էյ Բի Սի» և «ԱՆԻԹԵՔՍ» ընկերություններ։ Այցի ընթացքում նրանց ուղեկցում էին նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը և տեքստիլի ոլորտի զարգացման փորձագետ Տիգրան Ջրբաշյանը։

Ընկերությունները ստեղծվել են 2019 թվականին, այստեղ արտադրվում է բարձրորակ տեքստիլ արտադրանք՝ սրբիչներ, անկողնային պարագաներ։ Արտադրամասերը հագեցած են գերժամանակակից սարքավորումներով, որոնց շնորհիվ հնարավոր է դարձել ապահովել արտադրության ամբողջական շղթա։ Արտադրանքն իրացվում է տեղական շուկայում, ինչպես նաև արտահանվում է, հիմնականում՝ դեպի Ռուսաստանի Դաշնություն և ԱՄՆ։ Ընկերությունները ակտիվորեն համագործակցում են հանրաճանաչ բրենդների հետ։

«Էյ Բի Սի» ՍՊԸ, «ԱՆԻԹԵՔՍ» ՍՊԸ Խորհրդի նախագահ Պետեր Նազարյանի և գլխավոր տնօրեն Գուրգեն Օհանյանի ուղեկցությամբ Վահան Քերոբյանը շրջել է ընկերությունների արտադրամասերում, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերին։

Շրջայցի ընթացքում նախարար Վահան Քերոբյանը ներկայացրել է Տնտեսության արդիականացման միջոցառման շրջանակներում տրամադրվող վարկերի և լիզինգի տոկոսադրույքների սուբսիդավորումը, որից կարող են օգտվել տեքստիլ արդյունաբերության ոլորտում գործող կազմակերպությունները։

Քննարկվել են տեքստիլ ոլորտում առկա խնդիրները, անդրադարձ է եղել հարկային դաշտի բարելավման, մասնագետների վերապատրաստման ու դեպի տեքտիլ ոլորտ երիտասարդ կադրերի ներգրավման կարևորությանը։

«ՀՀ տեքստիլ արդյունաբերության աջակցության» ծրագիրը մեկնարկել է 2022 թվականի հունվարին և իրականացվում է Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսավորմամբ, ՎԶԵԲ աջակցությամբ և Գործարարության աջակցման գրասենյակի համակարգմամբ: Ծրագիրն ուղղված է Հայաստանում կայուն և ներառական տեքստիլ արդյունաբերության զարգացմանը. վերջինս ընդգրկված է Հայաստանի տնտեսության հիմնական ռազմավարական գերակայությունների շարքում:

  • Կիսվել: