ուրբաթ, հունիս 6
6 / 6 / 2025
Համոզված եմ՝ այս ամենը կապված է իմ և եղբորս քաղաքական, քաղաքացիական հանրային ակտիվության հետ. Վահան Քերոբյանի եղբայրը՝ իրեն առաջադրված մեղադրանքների մասին (տեսանյութ)

Համոզված եմ՝ այս ամենը կապված է իմ և եղբորս քաղաքական, քաղաքացիական հանրային ակտիվության հետ. Վահան Քերոբյանի եղբայրը՝ իրեն առաջադրված մեղադրանքների մասին (տեսանյութ)

Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի եղբոր՝ Ռազմարդյունաբերական կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանին մեղադրանք է առաջադրվել՝ բյուջեի միջոցների չարաշահման հիմքով։

Տեղեկությունն Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց Ավետիք Քերոբյանը՝ նշելով, որ այն առաջին քրեական գործը չի, որով ինքն անցնում է։

«Հարցազրույց, մեկնաբանություն չեմ տալիս այս ընթացքում, բայց պետք է գնամ Դատախազություն՝ հասկանալու համար, թե ով է արտահոսք թույլ տալիս։ Չնայած էլի եմ ասում՝ սա առաջին քրեական գործը չէ, մեկ այլ քրեական գործով արդեն մեկ տարի ութ ամիս գործս դատարանում է գտնվում, դատական նիստերը դռնփակ են, բայց նիստերի գրաֆիկը բաց է»,-նշեց նա։

Քերոբյանի տեղեկացմամբ՝ առաջին քրեական գործը դարձյալ կապված է Ռազմարդյունաբերական կոմիտեի նախագահի պաշտոնի հետ։

Ավետիք Քերոբյանը երկու դեպքերում էլ մեղքը չի ընունում։

Ավելին՝ համոզված է, որ այս ամենը կապված է իր  և եղբոր քաղաքական, քաղաքացիական հանրային ակտիվության հետ.«Մանավանդ, որ առաջին գործն էլ, սա էլ քննվել է այն ժամանակ, երբ  արդեն եղբորս ցանկանում էին հանել գործից։  Ըստ ձեզ՝ այսպիսի հանցագործություններ կատարած մարդը, կարո՞ղ էր զենք վերցներ, կամավոր գնար ռազմաճակատ՝ իմանալով, որ հնարավոր է հետ չվերադառնա։Ես և երկու եղբայներս պատերազմի առաջին օրից եղել ենք առաջնագծում։ Այդ ժամանակ արդեն պաշտոնից ազատված էի։ 2020 թվականի փետրվարի 10-ից արդեն պաշտոնից ազատվել եմ»։

Նա նաև ավելացրեց, որ իշխանություններին հրապարակային քննադատում է և համոզված է, որ հենց դա է պատճառը, որ իր նկատմամբ մեղադրանքներ են առաջադրել.«Իշխանություններին հրապարակային քննադատում եմ 2020 թվականի դեկտեմբերից սկսած»։

 Հարցին՝ չէ՞ր կաշկանդվում քննադատություն հնչեցնելուց, չէ՞ որ իր եղբայրն այդ ընթացքում իշխանության անդամ էր, Քերոբյանը պատասխանեց. «Չէ, դա ինձ չի կաշկանդել»։

 Նշենք, որ ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ, խախտել է ոլորտը կարգավորող նորմատիվ ակտերի պահանջները, առանց անհրաժեշտության նա նախաձեռնել է շուրջ 360 միլիոն դրամի արժեքով աշխատանքների ձեռքբերման պայմանագրերի կնքում, որի արդյունքում ՀՀ պետական բյուջեի միջոցներից անհարկի հատկացվել է նշված գումարը։

  • Կիսվել: