հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ուսումնասիրե՞լ եք, թե գովազդի մասին օրենքի՝ ուժի մեջ մտնելուց հետո կնվազի՞ կազինո գնացողների թիվը. Գեղամ Նազարյան

Ուսումնասիրե՞լ եք, թե գովազդի մասին օրենքի՝ ուժի մեջ մտնելուց հետո կնվազի՞ կազինո գնացողների թիվը. Գեղամ Նազարյան

Ուսումնասիրե՞լ եք համաշխարհային փորձը կամ գնահատական տրվել է, թե՞ այս օրենքի՝ ուժի մեջ մտնելուց հետո որքանո՞վ կնվազի կազինո գնացողների, խաղադրույք անողների թիվը։ Այս մասին ««Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծի քննարկման ժամանակ, հարց ուղղելով Ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։

Ի պատասխան` Հայրապետյանը  նշեց. «Բոլոր երկրների կարգավորումներով գովազդը նախատեսված է որպես առանձին կարգավորող միջոց, և ունեն գովազդի սահմանափակում իրենց օրենսդրությամբ։ Այն մարդը, ով պատահական կամ ոգևորության ազդեցության տակ ներգրավված կլինի գովազդի մեջ, այդ մարդկանց հետ կպահենք այդ քայլից։ Այս սահմանափակումները, որ հիմա առաջարկում ենք, ունի Ֆինլանդիան, Լատվիան, Էստոնիան, Չեխիան Վրաստանը ընդունեց վերջերս»։

Հայրապետյանի պատասխանին արձագանքելով` Գեղամ Նազարյանը հավելեց. «Խնդրում եմ անդրադառնալ մի հարցի ևս. այսօր Հայաստանի ֆուտբոլի առաջնությունը կրում է ընկերություններից մեկի անունը, գովազդի մասին նախագծով դա կարգավորվո՞ւմ է, թե ոչ։ Ես նաև առաջարկում եմ, որ թվերը ուսումնասիրեք և օրենքը ուժի մեջ մտնելուց հետո կես տարվա կտրվածքով փորձենք հասկանալ՝ խաղադրույք անողների կամ կազինո գնացողների թիվը կրճատվե՞լ է, թե չի կրճատվել»։

Հայրապետյանը պատասխանեց, որ այդ մասով մշտադիտարկում անպայմանորեն անցկացնելու են:

«Դա անելու են լիազոր մարմինը և Ֆինանսների նախարարությունը, ինչպես իրականացրել ենք նախորդ փոփոխությունից հետո։ Ինչ վերաբերում է նրան, որ տարբեր ֆուտբոլային թիմեր են հանդես գալու հեռուստաալիքներով և հիշեցնելու են ապրանքային նշանի մասին, որը գովազդի մասով արգելված կլինի, բնականաբար դա կարգելենք, ինչպես հիմա արվում է սիգարետի գովազդի դեպքում։ Ինչ վերաբերում է կարգավորումներին, մենք հետևելու ենք, եթե տեսնենք՝ ընթացքը չի բավարարում, կբերենք այլ կարգավորումներ»,- ասաց փոխնախարարը։

  • Կիսվել: