հինգշաբթի, սեպտեմբեր 17
17 / 9 / 2026
Ծավի ջրում սնդիկի հայտնաբերման դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել. ՔԿ

Ծավի ջրում սնդիկի հայտնաբերման դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել. ՔԿ

ՀՀ Սյունիքի մարզի Ծավ բնակավայրում խմելու ջրում սնդիկի հայտնաբերման դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Այս մասին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։

«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով (ջրերն աղտոտելը)»,- ասացին ՔԿ–ից։

Ավելի վաղ՝ սեպտեմբերի 14-ին ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարություն էր տարածել, որ Սյունիքի մարզի Ծավ բնակավայրի խմելու ջրում սնդիկի պարունակությունը սահմանային թույլատրելի շեմից գերազանցել է։ Սա պարզվել է, երբ Ծավի բնակիչներից մեկը դիմել ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Սյունիքի մասնաճյուղ՝ հայտնելով, որ իր բնակարանի ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված։

Մասնաճյուղի մասնագետները բնակչի տնից իրականացրել են ջրի նմուշառում և հենց լաբորատոր հետազոտության արդյունքում է երևացել, որ նմուշում սնդիկի պարունակությունը սահմանային թույլատրելի շեմից գերազանցում է։

ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում էլ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ այս պահին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ աշխատանքային խումբ է ստեղծվել հարցի շուրջ քննարկումներ և իրականացրած փորձաքննությունները վերահաստատելու համար։

Հիշեցնենք, որ ՀՀ Սյունիքի մարզի Ծավ բնակավայրում խմելու ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած որևէ քաղաքացի չկա։ Այնուամենայնիվ, մինչև ջրի որակի վերականգնումը, նախարարությունը հորդորել է Ծավ բնակավայրի բնակիչներին զերծ մնալ խմելու և կենցաղային նպատակներով ջրի օգտագործումից։

  • Կիսվել: