ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Տնտեսությունն այն ոլորտն է, որտեղ մենք ձախողում չենք ունեցել 2019-ին․ Փաշինյան

Տնտեսությունն այն ոլորտն է, որտեղ մենք ձախողում չենք ունեցել 2019-ին․ Փաշինյան

«Այնպիսի տպավարություն է, որ մեզ մոտ ամեն ինչ կատարյալ է, որևէ բացասական ցուցանիշ չկա, ձախողման մասին հիշատակում չկա»,- այսօր խորհրդարանում դիմելով վարչապետին՝ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արկադի Խաչատրյանը։

Պատգամավորը վարչապետին խնդրեց անդրադառնալ տնտեսական ոլորտում գրանցված անհաջողություններին։ «Ակնհայտ է, որ պետք է ներկայացնել հաջողությունները, բայց չխոսել խնդիրների և ձախողումների մասին, կարծում եմ՝ ճիշտ չէ»,- ասաց պատգամավորը։

Նրա հարցին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը նշեց, որ տնտեսությունն այն ոլորտն է, որտեղ ձախողում չեն ունեցել 2019-ին և մինչև 2020թ-ի մարտի 1-ը։

«Ինչպե՞ս կարելի է խոսել տնտեսական ձախողումների մասին, երբ մենք ամբողջ եվրոպական տարածաշրջանում ամենամեծ տնտեսական աճը արձանագրած երկիրն ենք։ Իհարկե, ԵՄ երկրների հետ համեմատած մեր բազան ցածր է, և դրա վրա ավելի հեշտ է բարձր տնտեսական աճ արձանագրելը, բայց ես կարող եմ ասել, որ 2019-ին մենք կարողացել ենք հասնել տնտեսական հեղափոխության տեմպի և դինամիկայի։ Որովհետև մենք բացառիկ ցուցանիշներ ունենք»,- նշեց վարչապետը։

Նրա համոզմամբ, այդ ցուցանիշը կարող էր ավելի բարձր լինել։

Ըստ նրա, 2019 թ-ին կանխատեսում էին 8 տոկոսից ավելի տնտեսական աճ, բայց ստացվեց ավելի քիչ, ինչը, ըստ որոշ վերլուծությունների, 46 միլիարդ դրամը տնտեսվարողներնի վերադարձնելու արդյունքում է տեղի ունեցել։

Վարչապետի կարծիքով՝ տնտեսական անհաջողությունների մեջ է այն, թե ՀՀ քաղաքացիներին որքանով են կարողացել սոցիալական աջակցության տրամաբանությունից տեղափոխվել  աշխատանքի և աշխատանքի խրախուսման տրամաբանություն, որքանով են կարողացել կրթությունը ևս մեկ աստիճանով դարձրել ազգային ապրելակերպ։

«Ես չեմ կարող ասել, որ այդտեղ մենք լուծել ենք խնդիրները, բայց չեմ կարող ասել, որ մենք այդտեղ ձախողում ենք ունեցել։ Գուցե մենք չենք ունեցել այնքան հաջողություններ, որքան կուզենայինք»,-ասաց վարչապետը։

Նա մեկ խնդրի մասին խոսեց, որ վերաբերում է միկրոբիզնեսին։ «Մենք միկրոբիզնեսի մի սեգմենտ առանձնացրինք և ասացինք, որ ազատում ենք հարկերից: Արդյունքում ունեցանք դեպքեր, երբ մարդը իր  ընկերությունը 5 մասի է բաժանել, որ տեղավորվի միկրոբիզնեսի մեջ և հարկ չվճարի։ Սա ձախողո՞ւմ է, թե ոչ, այո, ձախողում է, բայց ո՞ւմ ձախողումն է»,-ասաց վարչապետը:

  • Կիսվել: