ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Տնտեսական իրավիճակը թելադրում է հակացիկլիկ քաղաքականության անցկացման կարևորությունը՝ մակրոտնտեսական հավասարակշռություն պահպանելու նպատակով. Գալստյան

Տնտեսական իրավիճակը թելադրում է հակացիկլիկ քաղաքականության անցկացման կարևորությունը՝ մակրոտնտեսական հավասարակշռություն պահպանելու նպատակով. Գալստյան

Հայաստանի Կենտրոնական բանկը կարեւորում է ստեղծված տնտեսական իրավիճակում հակացիկլիկ (կայունացնող) քաղաքականության իրականացումը՝ բացասական հետեւանքները մեղմելու եւ մակրոտնտեսական հավասարակշռությունը պահպանելու համար: Այս մասին այսօր ԱԺ-ում 2020թ.պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:

Նրա խոսքով՝ այս համատեքստում ԿԲ-ն առաջնահերթ է համարում առաջիկա տարիներին հարկաբյուջետային կարգավորումների շարունակական իրականացման միջոցով պետական պարտքը կայունացնել միջնաժամկետ ծրագրով նախատեսված մակարդակում և ամրագրել կայուն տնտեսական զարգացման ամուր հիմքերը:

Կառավարության պարտքը, ըստ ԿԲ նախագահի, 2020 թվականին աճել է 13 տոկոսով ՝ մինչեւ ՀՆԱ - ի 63,5 տոկոսը ՝ գերազանցելով պետբյուջեով սահմանված 60 տոկոսի շեմը: Նա նշեց. ՛՛Ընդ որում՝ պետական պարտքի կառուցվածքում շարունակվել է ներքին պարտքի մասնաբաժնի ավելացումը, եւ հատկանշական է, որ դա ուղեկցվել է տոկոսադրույքների նվազմամբ, ինչին նպաստել է ընդլայնողական դրամավարկային քաղաքականությունը՛՛:

Գալստյանն ասաց նաեւ, որ ընդլայնողական հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականության արդյունավետ հարաբերակցությունը 2020 թվականին հնարավոր է դարձրել ապահովել մակրոտնտեսական կայունությունը: Նա ընդգծեց, որ սա շատ կարևոր ձեռքբերում է ՝ հաշվի առնելով 2020 թվականի մարտահրավերները և դրանց հետևանքների չափերը։ Միևնույն ժամանակ, հարկաբյուջետային քաղաքականությունը, ինչպես և ամբողջ աշխարհում, համավարակի պատճառած սոցիալ-տնտեսական խնդիրներին արագ արձագանքելու համար, Հայաստանում իրականացվում էր պետական պարտքի ծանրակշիռ ավելացման ճանապարհով՝ միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերում նախանշված մակարդակից շեղմամբ։

ԿԲ նախագահն ընդգծեց, որ ԿԲ-ն կարեւորում է հանրային ներդրումների կարգավորման համակարգի ներդրումն ու հետագա կատարելագործումը, որպեսզի բարձրացնի կապիտալ ծախսերի երկարաժամկետ տնտեսական արդյունավետությունը:

  • Կիսվել: