շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Տնտեսական աճի հետ կապված կանխատեսումները նախկին 5.3 տոկոսի փոխարեն իջեցվել են մինչև 1.6 տոկոս

Տնտեսական աճի հետ կապված կանխատեսումները նախկին 5.3 տոկոսի փոխարեն իջեցվել են մինչև 1.6 տոկոս

ՀՀ կենտրոնական բանկը վերանայել է տնտեսական աճի կանխատեսումը, 2022-ի համար կանխատեսվում է 1.6 տոկոս տնտեսական աճ: Այս մասին ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն իր ասուլիսում:

«Տնտեսական աճի հետ կապված կանխատեսումները նախկին 5.3 տոկոսի փոխարեն իջեցվել են մինչև 1.6 տոկոս»,-ասաց Գալստյանը:

ԿԲ-ից նշում են, որ Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցների ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարտահայտվի տնտեսական աճի տեմպերի զգալի դանդաղմամբ:

Կանխատեսվող ցուցանիշի իջեցումը հիմնականում պայմանավորված է արդյունաբերության ճյուղում որոշակի նվազեցմամբ: «Մենք կանխատեսում էինք, որ արդյունաբերության ճյուղը պետք է 2022-ին աճեր 1.6 տոկոս, այնինչ նոր զարգացումների ներքո, երբ տեսնում ենք, որ կան որոշակի խնդիրներ հանքարդյունաբերությունում, մշակող արդյունաբերությունում, արդյունաբերության ճյուղի -4.7 տոկոս ցուցանիշ է դրված»,-ասաց Գալստյանը:

Որոշակի նվազում կա նաև շինարարության ճյուղում. Նախկինում կանխատեսած 16.8 տոկոսի փոխարեն ԿԲ-ն կանխատեսում է 7 տոկոս աճ : Ծառայությունների ճյուղում կանխատեսումը 5.9 տոկոսից իջեցվել է 3.2 տոկոսի:  Միակ ճյուղը, որը որոշակի ավելի դրական զարգացում է ունենալու նախկին կանխատեսումների համաձայն գյուղատնտեսության ճյուղն է:

ՀՆԱ-ի աճը կանխատեսելիս ԿԲ-ն վերցրել է այն հարկաբյուջետային քաղաքականությունը, որը ենթադրվում էր մինչև շոկը: ՀՆԱ-ի այս կանխատեսման մեջ հարկաբյուջետային քաղաքականության փոփոխություն դեռևս արտացոլված չէ:

  • Կիսվել: