երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Տնտեսական ակտիվության աճի տեմպը դանդաղել է. բարձր աճ ապահովող արտաքին գործոնների ազդեցությունն այլևս թուլանում է. «Լույս» հիմնադրամ

Տնտեսական ակտիվության աճի տեմպը դանդաղել է. բարձր աճ ապահովող արտաքին գործոնների ազդեցությունն այլևս թուլանում է. «Լույս» հիմնադրամ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը, ելնելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալներից, վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2023թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին։

Այսպիսով՝

 

· Տնտեսական ակտիվության աճի տեմպը դանդաղել է, ինչը սպասելի էր՝ հաշվի առնելով բարձր աճ ապահովող գործոնների աստիճանաբար ավելի փոքրացող նպաստումը ՏԱՑ-ին: Վերջին ամիսներին (բացի օգոստոսից) ՏԱՑ-ի ամսական աճերը կայունացել են 6%-ի շուրջ, ինչի արդյունքում կուտակային աճի տեմպը նույնպես նվազում է և հունվար-հոկտեմբերին կազմել է 9.2%: Բազայի էֆեկտի ազդեցությունից ելնելով՝ հետագա ամիսներին ՏԱՑ-ի կուտակային ցուցանիշը կշարունակի նվազել, քանի որ ամսական աճի ցուցանիշները կձևավորվեն ցածր մակարդակում:

 

· Արդյունաբերության ոլորտի մտահոգիչ զարգացումները շարունակվում են արդեն բավական երկար ժամանակահատված, ինչը նշանակում է, որ ոլորտում առկա են էական խնդիրներ: Արդյունաբերության ոլորտում արդեն շուրջ 6 ամիս շարունակ գրանցվում են բավական ցածր աճի կամ անկման ցուցանիշներ: Ընդ որում, վերջին ամիսներին անկում է գրանցվում ոչ միայն հանքարդյունաբերության, այլ նաև մշակող արդյունաբերության ոլորտներում, ինչը առավել վտանգավոր է: Սա մի կողմից՝ պայմանավորված է հանքարդյունաբերության ոլորտի խնդիրներով (որոշ հանքավայրերի չաշխատելով և պղնձի միջազգային գների նվազմամբ), մյուս կողմից՝ փոխարժեքի արժևորման հետևանքով ՀՀ արտադրանքի մրցունակության նվազմամբ, ինչն ավելի արտահայտիչ է դառնում վերարտահանման աճի տեմպերի դանդաղման պայմաններում: Այդ իրավիճակը կարող է հանգեցնել տնտեսության ներուժի և երկարաժամկետ կայուն աճի հնարավորությունների նվազմանը: Ավելին, արդյունաբերության ոլորտին տրամադրված վարկերը նույնպես նվազում են, ինչը ևս ցուցիչ է ոլորտում ներդրումային ակտիվության նվազման մասին:

 

· Պետական բյուջեի կապիտալ ծախսերի թերակատարման խնդիրը այդպես էլ լուծում չի ստանում: Թեև ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները (որոնք հիմնականում կապիտալ ծախսերն են) աճել են բարձր տեմպով՝ 32.6%-ով, սակայն դրանց ծավալը դեռևս հեռու է պլանավորված մակարդակից: Մասնավորապես, հունվար-սեպտեմբեր ամիսների համար պլանավորվել էր իրականացնել 381.8 մլրդ դրամի (նույն ժամանակահատվածի ճշտված պլանն ավելի մեծ է և կազմում է 394.4 մլրդ դրամ) ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնություններ, մինչդեռ հունվար-հոկտեմբերին իրականացվել է պլանի ընդամենը շուրջ 70%-ը (իսկ ճշտված պլանի՝ 67.7%-ը), որը կազմում է 266.9 մլրդ դրամ:

· Արտերկրից դեպի ՀՀ փոխանցվող դրամական միջոցների զուտ ներհոսքը նախորդ տարվա համեմատ շարունակում է մնալ ցածր մակարդակում: 2023թ. սեպտեմբերին բանկային համակարգի միջոցով դեպի Հայաստան փոխանցված գումարների զուտ ներհոսքը (ներհոսքի և արտահոսքի տարբերությունը) կազմել է 97 մլն ԱՄՆ դոլար՝ էապես ցածր լինելով տարեսկզբի և նախորդ տարվա վերջին ամիսների ցուցանիշներից: Հունվար-սեպտեմբեր ամիսներին (2023թ. հոկտեմբեր ամսվա տվյալները դեռևս չեն հրապարակվել) դեպի ՀՀ փոխանցված գումարների զուտ ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է՝ հիմնականում պայմանավորված արտահոսքի աճով:

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով՝ https://rb.gy/k4ldyw :

  • Կիսվել: