կիրակի, սեպտեմբեր 19
19 / 9 / 2021
ՏԿԵ նախարարն ընդունել է KFW բանկի դուստր ձեռնարկության՝ ներդրումների և զարգացման գերմանական ընկերության (DEG) պատվիրակությանը

ՏԿԵ նախարարն ընդունել է KFW բանկի դուստր ձեռնարկության՝ ներդրումների և զարգացման գերմանական ընկերության (DEG) պատվիրակությանը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր հանդիպել է ԳԴՀ վերականգնման վարկերի բանկի (KFW) դուստր ձեռնարկության՝ ներդրումների և զարգացման գերմանական ընկերության (DEG) պատվիրակությանը։ Այս մասին հայտնում է ՏՀԵ նախարարությունը:

Նախարարը, ողջյունելով հյուրերին, ընդգծել է, որ համատեղ տարբեր ուղղություններով առկա է բավական լավ համագործակցություն և առաջիկայում այդ համագործակցությունը խորացնելու մեծ պոտենցիալ կա։

ՀՀ-ում Գերմանիայի դեսպանության փոխդեսպան Կլաուս Վենդելբերգերը շնորհավորել է նախարարին նշանակման կապակցությամբ՝ ավելացնելով, որ Գերմանիայի դեսպանատունը պատրաստ է լավ համագործակցություն ծավալել նախարարի հետ։ Կլաուս Վենդելբերգերը ընդգծել է, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը Գերմանիայի դաշնության հետ համագործակցության շրջանակներում զարգացման առումով ամենակարևոր գերատեսչություններից մեկն է։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը համարվում ինչպես GIZ-ի, այնպես էլ գերմանական KFW բանկի հիմնական գործընկեր։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներին։ KFW հայաստանյան գրասենյակը ՏԿԵ նախարարության հետ ներկայումս աշխատում է երեք հիմնական ուղղությամբ՝ կովկասյան էլեկտրահաղորդման ցանցի, Դդմաշենի ենթակայանի կառուցման ծրագրի շրջանակներում, ջրերի կառավարման և խմելու ջրին ուղղված աշխատանքների իրականացման ուղղությամբ։

Ներդրումների և զարգացման գերմանական ընկերության ծրագրերի ֆինանսավորման գծով փոխնախագահ Փիթեր Գյերգյայը իր հերթին ընդգծել է նախարարության հետ արդյունավետ համագործակցության կարևորությունը, գործող ծրագրային փաթեթների՝ «Արմփաուեր» ՓԲԸ-ի և «Որոտան կասկադ» ՓԲԸ-ի շրջանակներում լրացուցիչ ներդրումների ներգրավման հնարավորությունը։ Փիթեր Գյերգյայը նշել է, որ ներկայումս ամենալուրջ ներդրումային ծրագիրը, որը իրենք դիտարկում են, վերականգնվող էներգետիկայի ոլորտում է։

Նախարարն իր հերթին առանձնացրել է ջրամատակարարման, ջրահեռացման ոլորտում իրականացվող ծրագրերը, Կապսի ջրամբարի կառուցումը՝ կարևորելով գործընթացը հնարավորինս արագ ավարտին հասցնելը։ Նախարարը գերմանական կողմի ուշադրությունն է հրավիրել մաքրման կայանների և դեպի մաքրման կայաններ տարվող ենթակառուցվածքների կառուցման, ջրամբարաշինության, ճանապարհաշինության ուղղությամբ՝ որոնք ՀՀ կառավարության համար մնում են որպես առաջնային ուղղություններ։ Նախարարի խոսքով՝ այդ ուղղություններով տարբեր ծրագրեր կան, որոնց շրջանակներում կարելի է համագործակցել։
Զրույցի վերջում պայմանավորվածություն է ձեռք բերվել կրկին հանդիպել՝ քննարկելու ավելի կոնկրետ ծրագրային փաթեթներ։

  • Կիսվել: