կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՏՀԶԿ գլխավոր քարտուղարի տեղակալին

Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՏՀԶԿ գլխավոր քարտուղարի տեղակալին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) գլխավոր քարտուղարի տեղակալ Լյուդգեր Շուկնեխտի գլխավորած պատվիրակությունը, որը Հայաստանում է՝ քննարկելու ՏՀԶԿ BEPS (հարկման բազայի քայքայման և շահույթի տեղափոխման)  ներառական հարթակին Հայաստանի անդամակցությունը։ Այս մասին InfoPort.am-ին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախարար Խաչատրյանը ողջունել է հյուրերին և ներկայացրել Հայաստանի կառավարության տնտեսական բարեփոխումների օրակարգը՝ նշելով առաջանահերթ ուղղությունները։  Նախարարը պատրաստակամություն է հայտնել տրամադրելու այն տեղեկատվությունը, որն անհրաժեշտ է առաքելությանն իր աշխատանքներում։

Լյուդգեր Շուկնեխտը շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության և համապարփակ տեղեկատվություն ներկայացնելու համար։ ՏՀԶԿ գլխավոր քարտուղարի տեղակալը ներկայացրել է կազմակերպության ծրագրերը և վերլուծական գործիքակազմը։  Լյուդգեր Շուկնեխտը նախարարի հետ քննարկել է Հայաստանի տնտեսական իրավիճակի ուսումնասիրությանն առնչվող հարցեր։ Կողմերն անդրադարձել են համանման ուսումնասիրությունների համադրման խնդիրներին։

Նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը ներկայացրել է ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի կողմից Հայաստանի համար մշակված «Ներդրումային քաղաքականության ուսումնասիրություն» զեկույցի նպատակներն  ու եզրակացությունները։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև պետություն-մասնավոր գործընկերություն օրենսդրական փաթեթին առնչվող հարցերին և համապատասխան ենթակառուցվածքային ծրագրերին։

  • Կիսվել: