ուրբաթ, հունիս 28
28 / 6 / 2024
Տեղի է ունեցել «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման 2024-2030թթ.ռազմավարություն» գործընթացի ամփոփիչ աշխատաժողովը

Տեղի է ունեցել «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման 2024-2030թթ.ռազմավարություն» գործընթացի ամփոփիչ աշխատաժողովը

Այսօր տեղի է ունեցել «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման 2024-2030թթ.ռազմավարություն» գործընթացի ամփոփիչ աշխատաժողովը
Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրենկ Հեսսը, ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին։ Ներկաների թվում էին ոլորտի կարգավորմամբ զբաղվող պետական գերատեսչությունների, գիտական, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Նախարարի տեղակալ Արա Մկրտչյանն ընդգծել է, որ Սևանա լիճը վերջին տասնամյակներում զգալիորեն տուժել է ռեսուրսների ոչ կայուն, սպառողական օգտագործման պատճառով: Այդ իսկ պատճառով Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման ռազմավարության նախանշված միջոցառումները միտված են ջրի մակարդակի կայուն կառավարման, ջրի որակի բարելավման և միջոլորտային նախաձեռնությունների իրականացմանը: Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել արդեն իսկ իրականացված աշխատանքի համար, վստահեցնելով, որ փաստաթուղթը կնպաստի Սևանա լճի էկոհամակարգի բնապահպանական խնդիրների լուծմանն ու էկոհամակարգի վերականգնմանը։
Աշխատաժողովի մասնակիցները ներկայացրել են Սևանա լճի ռազմավարության հիմնական նպատակը, որը կապահովի ծրագրի իրագործելիությունը՝ տրամադրելով հստակ ճանապարհային քարտեզ՝ ռեսուրսների բաշխման համար, ինչպես նաև կիրականացնի համապարփակ ռիսկերի վերլուծություն՝ կանխատեսելով հնարավոր մարտահրավերները։

Ռազմավարությունն ընդգրկում է նաև մանրամասն գործողությունների պլան՝ ներառելով ֆինանսական և տնտեսական հաշվարկներ բոլոր առաջարկվող միջոցառումների համար: Ֆինանսական վերլուծությունն ապահովում է ծրագրի իրագործելիությունը և տրամադրում է հստակ ճանապարհային քարտեզ՝ ռեսուրսների բաշխման համար: Ավելին, իրականացվել է համապարփակ ռիսկերի վերլուծություն՝ նախապես կանխատեսելու հնարավոր մարտահրավերները։

«Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման 2024-2030թթ․ ռազմավարության» մշակման գործողությունը «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ՄԱԶԾ ծրագրի մաս է և իրականացվում է «ՍԻՎԻՏՏԱ ԷՅԷՄ» ՓԲԸ-ի (Հայաստան) կողմից։
«Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագիրը համատեղ ֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (ԳԴՀ ՏՀԶՆ) կողմից և իր հերթին «ԵՄ-ն հանուն էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի» ԵՄ գործողության և ԳԴՀ ՏՀԶՆ-ի կողմից ֆինանսավորվող «ECOServe» ծրագրի մաս է կազմում։
Ծրագիրն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ)-ի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից:

  • Կիսվել: