չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Տեղի է ունեցել Հայաստանի անտառային դաշինքի հիմնադրման շնորհանդեսը

Տեղի է ունեցել Հայաստանի անտառային դաշինքի հիմնադրման շնորհանդեսը

«Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը, «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական հասարակական կազմակերպությունը և «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպությունը, միավորվելով հանուն անտառների պաշտպանության, վերականգնման և անտառապատման, միասին հիմնադրել են Հայաստանի անտառային դաշինքը։ Այդ մասին հայտնում են ՇՄ նախարարությունից:
 
Այսօր տեղի է ունեցել Հայաստանի անտառային դաշինքի հիմնադրման շնորհանդեսը։ Շնորհանդեսին ողջույնի խոսքով հանդես է եկել Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։
 
May be an image of 1 person
 
Այնուհետև Անտառային դաշինքի հիմնադիր կազմակերպությունների ղեկավարները ներկայացրել են դաշինքի առաքելությունն ու նպատակները, կիսվել են Հայաստանի անտառների վերաբերյալ՝ իրենց միավորած մտահոգություններով, ինչպես նաև պատմել են հետագա անելիքների մասին։ Նրանք մասնավորապես նշել են, որ Հայաստանի անտառային դաշինքը հանդես է գալու հօգուտ անտառների պաշտպանության ու կայուն կառավարման և միաժամանակ նպատակ ունի աջակցել Հայաստանի կառավարությանը՝ առկա անտառների պահպանման և նոր անտառների ստեղծման հետ կապված լուծումներ գտնելու ուղղությամբ։
 
May be an image of 7 people and people standing
 
Ողջունելով դաշինքի հիմնադիրներին և միջոցառման մասնակիցներին՝ նախարարը կրկին կարևորել է ջանքերի համատեղումը Հայաստանի՝ կլիմայի մասով ստանձնած պարտավորությունների կատարման և կլիմայի փոփոխության հետևանքներին հարմարվելու և ռիսկերի մեղմման միջոցառումների շրջանակում։
 
May be an image of 2 people, people sitting and text
 
«Ջանքերի համատեղումը լավագույն լուծումն է մեր նախանշած թիրախներին հասնելու և մարտահրավերները հաղթահարելու առումով։
 
May be an image of 8 people and people standing
 
Հուսամ՝ Անտառային դաշինքի ստեղծումը վարակիչ օրինակ կլինի ոլորտում գործունեություն ծավալող մեր մյուս գործընկերների համար, և նրանք նույնպես, այն զուգահեռներում, որտեղ կգտնեն համագործակցության հնարավորություն, կմեկտեղեն իրենց ջանքերը, և այս ուղղությունն ի վերջո մեզ կբերի արդյունք և հաջողություն»,- նշել է նախարարը։
 
Դաշինքի ներկայացուցիչները հատուկ անդրադարձ են կատարել մարդկության համար անտառների կենսական կարևոր դերի, այդ թվում՝ կլիմայի կարգավորման, ջրամատակարարման, հողերի էրոզիայի կանխման, կենսաբազմազանության պահպանության, մաքուր օդի պաշարների, ածխաթթու գազի կլանման և այլնի առումով:
 
«Մեր դաշինքը աջակցելու է Հայաստանում անտառների վերականգնմանը և անտառածածկույթի ավելացմանը։ Ինչպես գիտեք, երկիրը պարտավորություն է ստորագրել՝ կլիմայի փոփոխության դեմ պայքարի շրջանակներում մինչև 2050 թվականը կրկնապատկելու իր անտառածածկույթը»,- ասաց «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական հասարակական կազմակերպության հիմնադիր և տնօրեն Անտրէ Գումուշճեանը։
 
Հայաստանի անտառային դաշինքի առաջնահերթություններն են լինելու․
 
  • Հայաստանի անտառային ծածկույթը մեծացնելու նպատակով նոր հողատարածքների նշում.
  • բնական և տնկված անտառների պահպանություն և վերականգնում.
  • անտառային հրդեհների կանխում։
Այս նպատակով Հայաստանի անտառային դաշինքը, ի թիվս այլ միջոցառումների, պարբերաբար հրավիրելու է կլոր սեղանի ձևաչափով քննարկումներ, որով ցանկանում է նպաստել անտառային ոլորտում ներգրավված տարբեր դերակատարների միջև երկխոսության ակտիվացմանը (նախարարություններ և այլ պետական կառույցներ, հասարակական կազմակերպություններ, գիտական հաստատություններ, միջազգային կազմակերպություններ և այլն) և դառնալ շարժիչ ուժ անտառների պահպանման և անտառային տարածքների ընդլայնման գործընթացների առաջխաղացման համար: Կլոր սեղանը կաջակցի երկրին՝ իրագործել 2015 թվականին ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի ներքո «Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողություններ/ներդրումներ»-ի՝ մինչև 2050 թվականը անտառների ծածկույթը կրկնապատկելու Հայաստանի հավակնոտ հանձնառությունը: Առաջին կլոր սեղանը նախատեսվում է իրականացնել մոտակա շաբաթների ընթացքում։
 
Միևնույն ժամանակ, որպեսզի բոլոր շահագրգիռ կողմերը գործեն տեսլականով և վճռականությամբ, Հայաստանի անտառային դաշինքը կարևոր է համարում նաև լայն հասարակության իրազեկվածությունը անտառների կարևորության ու նշանակության, դրանց սպառնացող վտանգների, անտառների պահպանության ու անտառածածկի ավելացման համար գոյություն ունեցող հնարավոր լուծումների մասին։

  • Կիսվել: