ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Տեղի է ունեցել եկամուտների քաղաքականության կատարելագործման խորհրդի հերթական նիստը

Տեղի է ունեցել եկամուտների քաղաքականության կատարելագործման խորհրդի հերթական նիստը

ՀՀ ֆինանսների նախարարությունից տեղեկացնում են, որ փետրվարի 18-ին տեղի է ունեցել եկամուտների քաղաքականության կատարելագործման խորհրդի հերթական նիստը՝ առցանց ձևաչափով:

Նիստին մասնակցել են ՀՀ ֆինանսների նախարարության, էկոնոմիկայի նախարարության, պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչներ, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպությունների և խորհրդակցական ձայնի իրավունքով խորհրդի կազմում ընդգրկված միջազգային խորհրդատվական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Խորհրդի նախագահ ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն իր խոսքում կարևորել է եկամուտների քաղաքականությանը վերաբերող հարցերը խորհրդի շրջանակում քննարկելու անհրաժեշտությունը: Նախարարը, վկայակոչելով ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի հիմնական սկզբունքներից մեկը, ընդգծել է, որ հարկային քաղաքականության մեջ ցանկացած փոփոխություն նախաձեռնելիս անհրաժեշտ է հաշվի է առնել դրա ազդեցությունը բիզնես միջավայրի և դրա մրցունակության վրա:

Նիստի ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը ներկայացրել է հարկային բարեփոխումների հիմնական նպատակադրումները, այդ թվում՝ հարկային եկամուտների կառուցվածքը և հարկային ծախսերը, կապիտալի շուկայի զարգացման նպատակով հարկման կարգավորումները և այլն:

Նիստի մասնակիցները հայտնել են իրենց պատրաստակամությունը շարունակել քննարկումները՝ գնահատելով առաջարկվող փոփոխությունների ազդեցությունը:

 

  • Կիսվել: