ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Սուրեն Պապիկյանը Լոռու մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքներին

Սուրեն Պապիկյանը Լոռու մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքներին

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ոլորտը համակարգող փոխնախարար Քրիստինե Ղալեչյանի ուղեկցությամբ այսօր Լոռու մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին:

Նախարար Պապիկյանը Լոռու մարզպետ Անդրեյ  Ղուկասյանի ուղեկցությամբ Վանաձորում ծանոթացել է Վանաձոր-Բազում 2,5կմ ճանապարհահատվածում կատարված հիմնանորոգման աշխատանքների ընթացքին։ Աշխատանքներն այստեղ ավարտական փուլում են. ճանապարհին կատարվել է եռաշերտ ասֆալտբետոնե ծածկի տեղադրում, կառուցվել են մայթեր, որոնք նախկինում չեն եղել:

Նախատեսվում են գծանշման, անվտանգության տարրերի տեղադրման և ջրահեռացման համակարգերի անցկացման աշխատանքներ: Ճանապարհի հետագա պահպանման և շահագործման տեսանկյունից նախարարը կարևորել է ջրահեռացման համակարգերի առկայությունը և հորդորել է հատկապես ուշադրություն դարձնել վերջիններիս անցկացման աշխատանքներին: Վանաձոր-Բազում 2,5կմ ճանապարհահատվածը վերանորոգվում է պետբյուջեի միջոցներով:

Ներկայում Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակում մարզում  ընթանում են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքներ:

Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի Քոբայրի հատվածում նախարար Պապիկյանը շինարարություն իրականացնող կազմակերպության, տեխնիկական հսկողություն կատարող ընկերության թիմի անդամների հետ տեղում քննարկել է կամրջի և հենապատի նախագծի և դրանց կառուցման տարբերակներին վերաբերող հարցեր: Այստեղ որոշակի խնդիրներ էին առաջացել` կապված ենթակառուցվածքների‚ հենապատերի կառուցման‚ որոշ հատվածների նախագծերի փոփոխության հետ:

Լոտ 1-ի Քոբայր-Ալավերդի հատվածում, որտեղ կատարվում են ճանապարհի լայնացման աշխատանքներ, պատասխանատուները նախարարին ծանոթացրել են կատարվող շինաշխատանքների ընթացքին։ Ճանապարհի լայնացման համար այս հատվածում իրականացվել են ժայռապայթեցման աշխատանքներ:

Այցի շրջանակում նախարարը պատասխանատուների  հետ վերանորոգվող հատվածներում քննարկումներ է ունեցել  Օձունի խաչմերուկ-Ալավերդի ճանապարհի կառուցման նախագծային լուծումների շուրջ:

Մ6 ճանապարհի Ալավերդի-Հաղպատ հատվածի դիտարկման ընթացքում ևս վերհանվել են շինարարության ընթացքում հիմնականում ճանապարհի լայնացման, ջրահեռացման համակարգի անցկացման պատճառով ի հայտ եկած խնդիրները: Նախարար Պապիկյանը պատասխանատուների հետ քննարկել է դրանց լուծման տարբերակները, հորդորել նախագծային փոփոխությունները կատարել սեղմ ժամկետներում և նոր թափ հաղորդել կենսական նշանակության մայրուղու հիմնանորոգմանը:

Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի  հիմնական նպատակն է  հիմնանորոգել և վերակառուցել Հայաստանի Հանրապետությունը Վրաստանի հետ կապող Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման շուրջ 90կմ ընդհանուր երկարությամբ միջպետական ճանապարհը:  Այս պահին ընթանում են ծրագրի  2-րդ փուլի  (Թումանյան-Բագրատաշենի մաքսային անցակետ, 51,74կմ)  աշխատանքները, որը ֆինանսավորվում է  ՀՀ կառավարության և  Ասիական զարգացման բանկի կողմից:

Այնուհետև նախարար Սուրեն Պապիկյանը եղել է  Լոռի Բերդ-Լեջան ճանապարհահատվածում, որտեղ  իրականացվում են ջրահեռացման համակարգի կառուցման աշխատանքներ,  3,5 կմ ճանապարհի  վրա կատարվում են ասֆալտապատման աշխատանքներ: Հիմնանորոգման պայմանագրային գումարը կազմում է   271 մլն  945 հազար 860,00 դրամ:

Սուրեն Պապիկյանը հետևել է նաև   Ուռուտ-Սվերդլով-Պրիվոլնոյե և  Տաշիր-Վարդաղբյուր 10 կմ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին: Վարդաղբյուր - Տաշիր ավտոճանապարհի հիմնանորոգման պայմանագրային արժեքը   կազմում է     1 մլրդ 6 մլն 800 000 դրամ, աշխատանքներն այստեղ իրականացնում է «Ճանապարհ» ՍՊ ընկերությունը: Նախարարը կարևորել է այս ճանապարհի բարեկարգումը, նշելով, որ այն հնարավորություն կտա  Հյուսիսային մաքսատան աշխատանքի դեպքում բեռնաթափել Սպիտակի ճանապարհի ծանրաբեռնվածությունը:

Նախարար Պապիկյանը կապալառու ընկերությունների  հետ քննարկել է աշխատանքների իրականացման , ժամանակացույցի, որակի վերահսկման հետ կապված հարցեր:

  • Կիսվել: