Սուբսիդիա տրամադրվում է Հայաստան զբոսաշրջիկ բերող բոլոր ավիափոխադրողներին. Պապոյան
«Վիզ էյր»-ին հատուկ սուբսիդիա չի տրամադրվում: Սուբսիդիա տրամադրվում է բոլոր այն ավիափոխադրողներին, որոնք Հայաստան են բերում զբոսաշրջիկ: Այս մասին Ազգային ժողովում 2024-ի պետբյուջեի կատարողականի նախնական քննարկումների ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին, թե «Վիզ էյր» ընկերությանը տրամադրվող սուբսիդիաները տարեկան որքան են կազմում և ինչ ձևով են տրամադրվում:
«Ունենք գաղափար, այնտեղ մեկ օր ենք դրել, երկու օր դարձնենք զբոսաշրջիկի մնալու տևողությունը, և դրա արդյունքում մենք կհաշվառենք, թե ինչքան աջակցություն ենք տրամադրում: Այսինքն՝ դա դեռ չկա, որովհետև կախված է, թե իրենք որքան զբոսաշրջիկ կբերեն:
Ես կուզեմ, որ և՛ «Վիզ էյր»-ինը, և՛ «Ֆլայ Ուան»-ինը, և՛ «Շիրակ ավիա»-ինը, որոնք այս ծրագրի շահառու կարող են պոտենցիալ լինել, իրենց թիվը լինի շատ, փոխհատուցված գումարները շատ լինեն, որովհետև դա կնշանակի՝ իրենք շատ զբոսաշրջիկ են Հայաստան բերել:
Բայց քանի որ պրոցեսը նոր է սկսվել, չեմ կարող ասել»,- ասաց էկոնոմիկայի նախարարը: