ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ՍՊԸ-ներն իրավունք կստանան ոչ հաճախ, քան եռամսյակը մեկ իրենց շահույթը բաշխել ընկերության մասնակիցների միջև. նախագիծ

ՍՊԸ-ներն իրավունք կստանան ոչ հաճախ, քան եռամսյակը մեկ իրենց շահույթը բաշխել ընկերության մասնակիցների միջև. նախագիծ

Հայաստանում այսօրվա դրությամբ գործում է 40 հազար ՍՊԸ, որոնք գործող օրենքի համաձայն տարին մեկ անգամ են իրենց շահույթը կիսում ընկերության մասնակիցների միջեւ: Իսկ «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքում փոփոխությամբ առաջարկվում է եռամսյակը մեկ անգամ իրականացնել շահույթի բաշխում: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը` հունիսի 13-ի ԱԺ հերթական նիստում ներկայացնելով օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկման:

Նշվել է, որ վերոնշյալ դրույթը սահմանափակում է ձեւավորված շահույթն ընկերության մասնակիցների մեջ բաշխելու հնարավորությունը` դրանով իսկ խոչընդոտելով ՓՄՁ սուբյեկտների կողմից իրենց մասնակիցներին օրինական կարգով շահույթի մասը վճարելուն: Ըստ նախարարի` շահույթը մասնակիցների միջեւ առավել հաճախ բաշխելու հնարավորությունը համապատասխանում է միջազգային փորձին եւ ընդունված գործարար սովորույթներին:

Հարակից զեկուցող, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Դավիթ Առուշանյանը կոչ է արել գործընկերներին կողմ քվեարկել:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը նշել է, որ անհրաժեշտ է քիչ միջամտել բիզնեսի գործերին, ինչն ընդունված է միջազգային գործարար միջավայրում: Ըստ նրա` օրենքի նախագծով ճկունություն է հաղորդվում ՍՊԸ-ների գործունեությանը եւ տալիս է շահույթն ազատ ու նպատակային տնօրինելու հնարավորություն:

  • Կիսվել: