երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Սոչիում մեկնարկել է «Ատոմէքսպո 2022» 12-րդ միջազգային համաժողովը

Սոչիում մեկնարկել է «Ատոմէքսպո 2022» 12-րդ միջազգային համաժողովը

Ռուսաստանի Սոչի քաղաքում մեկնարկել է ատոմային ոլորտի ամենախոշոր իրադարձություններից մեկը՝ «Ատոմէքսպո» 12-րդ միջազգային համաժողովը:

Այս տարի երկօրյա (նոյեմբերի 21-22) համաժողովին մասնակցում է 74 երկրից ավելի քան 4100 մասնակից: Մասնակցում է նաև Հայաստանի պատվիրակությունը: Ներկա է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը:

Համաժողովը կազմակերպվում է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի նախաձեռնությամբ: «Ատոմէքսպո»-ն խոշորագույն ցուցահանդեսային և գործարար հարթակ է, որում քննարկվում են ատոմային ոլորտի ներկա վիճակը և հետագա զարգացման միտումները: Համաժողովն անցկացվում է 2009 թվականից: «Ատոմէքսպո»-ին մասնակցում են ոլորտի խոշորագույն, առանցքային կազմակերպություններ, պետական կառույցներ, միջազգային կազմակերպություններ և առաջատար փորձագետներ:

Երկօրյա ֆորումի շրջանակում կանցկացվեն լիագումար նիստեր, կլոր սեղան-քննարկումներ: Ֆորումն ուղեկցվում է նաև ցուցահանդեսով, որում ոլորտի ընկերությունները ներկայացնում են իրենց առաջարկած տեխնոլոգիական լուծումները:

Երկօրյա համաժողովի առաջին օրը նախատեսված են կլոր սեղան-քննարկումներ ««Կանաչ» էներգիայի անցման համար լուծումների դիվերսիֆիկացիա»,  «Միջուկային և ճառագայթային տեխնոլոգիաների ոչ էներգետիկ կիրառություններ», «Արհեստական բանականության կիրառումն արդյունաբերության և ատոմային ոլորտի մեջ» և այլ խորագրերով:

Իսկ լիագումար նիստը կրում է ««Միջուկային գարուն». ստեղծելով կայուն ապագա» խորագիրը:

Համաժողովի շրջանակում կներկայացվի նաև Օլիվեր Սթոունի Nuclear ֆիլմը:

  • Կիսվել: