շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Սևան» ազգային պարկի տարածքում որևէ ծառ չի հատվել. ՇՄՆ պարզաբանումը

«Սևան» ազգային պարկի տարածքում որևէ ծառ չի հատվել. ՇՄՆ պարզաբանումը

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունն արձագանքել է համացանցում տարածված՝ ««Սևան» ազգային պարկի տարածքում, Սևան-Գավառ մայրուղու սկզբնամասում մոտ 1,5 հեկտար անտառ են ոչնչացրել» գրառմանը:

Նախարարության պարզաբանման մեջ ասված է.

«2022 թվականի մայիսի 19-ին ի թիվս այլ լողափերի, հանրային N5 լողափում ջրային հանգիստ կազմակերպելու, բարեկարգում և սպասարկում իրականացնելու համար հայտարարվել էր մրցույթ:

Հունիսի 9-ին հանձնաժողովի կողմից դիտարկվել են ներկայացված հայտերը և հաղթող է ճանաչվել ներդրումային ծրագրերից մեկը:

Լողափը գտնվում է Սևան համայնքի, Լճաշեն բնակավայրի վարչական սահմաններում գտնվող Սևան-Գավառ ավտոմայրուղուց դեպի լիճ ընկած ափամերձ հատվածում (1.37 հա):

Լողափը դեպի Գավառ ուղղությամբ օգտագործվում է այլ վարձակալների կողմից:

Նախքան բարեկարգման աշխատանքների մեկնարկը «Սևան» ազգային պարկի կողմից իրականացվել են ուսումնասիրման աշխատանքներ և գույքագրում:

Լողափնյա գոտին 1905 նիշից ներքև է: Եվ տարածքում անտառաշերտի մաքրման աշխատանքները կարգավորվում են օրենսդրության համաձայն:

Տարածքը ազատվել է բացառապես չիչխանի մացառներից և մանր թփերից, որևէ ծառ չի հատվել:

Մաքրման աշխատանքներն իրականացրել են «Սևան» ազգային պարկի մասնագետների կողմից:

Տեղեկացնենք նաև, որ սոցիալական ցանցերում պարբերաբար ապատեղեկատվություն և տարբեր շահարկումներ են հայտնվում հանրային լողափերի սպասարկման իրականացման վերաբերյալ:

Մեր քաղաքացիներին անհարկի շահարկումներից զերծ պահելու նպատակով տեղեկացնենք, որ գործընթացը գտնվում է Շրջակա միջավայրի նախարարության ուշադրության կենտրոնում, ներդրումային ծրագրերին ներկայացվում խիստ պահանջներ և ամեն բան արվում է ջրափնյա հանգիստը պատշաճ և բոլոր չափորոշիչներին համապատասխան կազմակերպելու համար»:

  • Կիսվել: