երկուշաբթի, նոյեմբեր 16
16 / 11 / 2026
Սիգի ձվադրման շրջանում Սևանա լճում և հարակից ճանապարհներին վերահսկողությունը կուժեղացվի

Սիգի ձվադրման շրջանում Սևանա լճում և հարակից ճանապարհներին վերահսկողությունը կուժեղացվի

 

Սիգի բնական վերարտադրությունն ապահովելու նպատակով Սևանա լճում և հարակից ճանապարհներին կուժեղացվի վերահսկողությունը։ Այս մասին տեղեկացրել է Հայաստանի շրջակա միջավայրի  նախարար Համբարձում Մաթևոսյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով։ 

«Նոյեմբերի 21-ից մեկնարկում են Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումները, որոնք կշարունակվեն մինչև 2027 թվականի փետրվարի 1-ը։

Սիգի բնական վերարտադրությունն ապահովելու նպատակով կուժեղացվի վերահսկողությունը լճում և հարակից ճանապարհներին, դուրս կբերվեն ապօրինի որսի համար օգտագործվող լողամիջոցներն ու որսագործիքները։

Երևանի և մարզերի շուկաներում կիրականացվեն ստուգայցեր՝ սիգի և սիգի ձկնկիթի վաճառքը կանխարգելելու նպատակով։

Ձկնորսների և բնակչության շրջանում կիրականացվեն նաև իրազեկման աշխատանքներ»,– գրել է Համբարձում Մաթևոսյանը՝ կոչ անելով պահպանել ձվադրման ժամանակահատվածում որսի արգելքը և աջակցել պատասխանատու կառույցների աշխատանքին։ 

Նախարարն ընդգծել է, որ սիգի բնական վերարտադրության ապահովումը Սևանի ձկնային պաշարների վերականգնման կարևոր պայման է։

 

 

  • Կիսվել: