շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Շուրջ 6500 ոչ ռեզիդենտ մուտք է գործել ՀՀ բանկային համակարգ. Գալստյան

Շուրջ 6500 ոչ ռեզիդենտ մուտք է գործել ՀՀ բանկային համակարգ. Գալստյան

Մարտի 2-ից 15-ն ընկած ժամանակահատվածում շուրջ 6500 ոչ ռեզիդենտ մուտք է գործել Հայաստանի բանկային համակարգ: Այս մասին այսօր, անդրադառնալով դիտարկմանը, որ Ռուսաստանի որոշ քաղաքացիներ, որոնք տեղափոխվել են Հայաստան, խնդիր ունեն բանկային հաշիվների բացման հետ կապված, ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

Նրա խոսքով՝ անկախ կոնֆլիկտից, որևէ սանկցիայից, միշտ ցանկացած բանկային համակարգում ոչ ռեզիդենտների նկատմամբ ներկայացվող պահանջները լինում են ավելի խիստ: Գալստյանը հավելեց, որ բանկերի կողմից նոր հաճախորդների ներգրավումը տեղի է ունենում պատշաճ ընթացակարգերի համաձայն:

Դա, ըստ նրա, նշանակում է, որ բանկերը պատշաճ ուսումնասիրում են իրենց նոր հաճախորդներին, փորձում հասկանալ՝ նրանք տրանզիտ հաճախորդնե՞ր են, թե՞ նրանց տնտեսական շահի կենտրոնը  ՀՀ-ն է:

՛՛Եթե հաճախորդները ներգրավվում են Հայաստանի բանկային համակարգ, որովհետև իրենց տնտեսական շահի կենտրոնի փոփոխություն է տեղի ունեցել և դարձել է ՀՀ-ն, ես կարծում եմ, որ որևէ խնդիր չի առաջանում: Եթե բանկերի գնահատմամբ՝ Հայաստանի բանկային համակարգը օգտագործվում է որպես տարանցիկ գործառնությունների համար իրականացվող մեխանիզմ, այդ պարագայում բնականաբար բանկերն արձագանքում են իրենց հայեցողությամբ՛՛,- ասաց Գալստյանը:

Նա հավելեց, որ այս պահի դրությամբ շուրջ 6500 ոչ ռեզիդենտ արդեն մուտք է գործել Հայաստանի բանկային համակարգ: 

  • Կիսվել: