ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Շրջակա միջավայրի նախարարի՝ իրականությանը չհամապատասխանող հայտարարության կապակցությամբ․ հայտարարություն

Շրջակա միջավայրի նախարարի՝ իրականությանը չհամապատասխանող հայտարարության կապակցությամբ․ հայտարարություն

Սույն թվականի փետրվարի 12-ին Ազգային ժողովում Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն արեց Հայկական բնապահպանական ճակատին վերաբերող և իրականությանը չհամապատասխանող հայտարարություն, որին կարևոր ենք համարում անդրադառնալ՝ ևս մեկ անգամ նկարագրելով մեր գործեունության բնույթը, արժեքներն ու աշխատաոճը։ Այս մասին հայտարարություն է տարածել «Հայկական բնապահպանական ճակատը»:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Հայկական բնապահպանական ճակատ»-ը կամավորների քաղաքացիական նախաձեռնություն է՝ համախմբված տարբեր բնապահպանական քաղաքական օրակարգերի շուրջ։ Մեր գործունեությունն անկախ է, մենք չենք հարում որևէ կուսակցության, բիզնեսի կամ կառավարական սուբյեկտի, չենք հանդիսանում օտարերկրյա կառավարական մարմինների, միջպետական գործակալությունների և հիմնադրամների գործընկեր կամ շահառու։ Միևնույն ժամանակ, իբրև բնապահպաններ, մենք ունենք կապեր հանրային գործունեություն վարող տեղական և միջազգային կազմակերպությունների ու խմբերի հետ, բնապահպանությունը համարում ենք համամոլորակային մարտահրավեր, ուստի նաև՝ համաշխարհային համագործակցություն պահանջող գործողություն, որի համար ներգրավված ենք բնապահպանական միջազգային հարթակներում, զորակցում ենք տարբեր երկրներում տեղի ունեցող բնապահպանական պայքարներին, հայաստանյան պայքարները դարձնում ենք տեսանելի ու լսելի արտասահմանում։

Բնապահպանությունը մեր քաղաքական ու վերքաղաքական պայքարն է, որի համար մենք չենք վարձատրվում, այսինքն՝ չենք ստանում աշխատավարձ։ Ավելին՝ դրա մեջ ներդնում ենք մեր աշխատաժամանակն ու էներգիան, մեր անձնական կյանքի ժամանակը, որն այս նպատակի համար շուկայական գնահատման չենք ենթարկում, այսինքն՝ ոչ մեկի աչքը չենք մտցնում, թե մեր ծախսած ամեն մի ժամը քանի դոլար արժե։ Մեր գործունեությանն օժանդակում են բազմաթիվ անձինք՝ սկսած մեր ընտանիքների անդամներից, մինչև անհատներ ու կազմակերպություններ, ովքեր բնապահպանության մեջ իրենց նպաստն են բերում իրենց ռեսուրսների շրջանակներում․ մեկը տարածք է տրամադրում, մեկը՝ թուղթ, համակարգիչ ու այլ տեխնիկական միջոցներ, մեկ ուրիշն՝ անվճար թռուցիկ է տպում, մեկը տրանսպորտի փող է տրամադրում։ Բազմաթիվ մարդիկ Ամուլսարի պաշտանության համար անհրաժեշտ ծախսերի գումար են նվիրաբերում, որը փոխանցում ենք Ամուլսարի պահապաններին և այլն։ Նմանատիպ օժանդակությունը միշտ թափանցիկ է, նվիրաբերված ռեսուրսների մասին միշտ հրապարակային հաշվետվություն ենք ներկայացնում։

Ինչպես տարբեր հանքակերներ ու վնասակար գործունեություն վարող բիզնեսներ, այնպես էլ՝ պետական պաշտոնյաներ ու քաղաքական դիվիդենտներ հավաքող անձինք հաճախ փորձել են մեզ պիտակավորել իբրև «գրանտակեր»՝ օգտվելով հանրության շրջանում դրամաշնորհ երևույթի ու դրամաշնորհ ստացող կազմակերպությունների նկատմամբ սերմանված հակակրանքից։ Այս հակակրանքի ու պարսավիչ վերաբերմունքի տարածումն ինքնին քաղաքական դիվիդենտներ հետապնդող գործունեություն է եղել երկար տարիներ ի վեր, բայց դրա մասին այստեղ չենք խոսի։

Դրամաշնորհը՝ որոշակի նպատակի համար նախատեսված փողը, ինքնին ո՛չ պարսավելի, ո՛չ գովելի բան է։ Այն ստանում ու բաժանում են ինչպես կառավարություններն, այնպես էլ՝ գրանցում ունեցող կազմակերպություններն ու իրականացնում են այդ փողով որոշակի գործունեություն։ Հաճախ այդ գործունեությունը վարելու համար ներգրավվում են ռեսուրսներ, այդ թվում՝ մարդուժ, որի համար տրվում է աշխատավարձ։ Դա դրամաշնորհի ծախսման ուղղություններից է, սակայն ամենափոքր մասը։ Իսկ աշխատանքի դիմաց վարձատրությունը կրկին պարսավելի բան չի կարող համարվել։

Պարսավելի է, սակայն, այն, որ ինչպես միջպետական, այնպես էլ հասարակական կազմակերպությունների դրամաշնորհները հաճախ յուրացվում են, փոշիացվում, դարձվում անհատական հարստացման աղբյուր։ Բերենք Հայաստանին առնչվող երկու աղաղակող օրինակ՝ Համաշխարհային բանկի համար տնտեսագետ Յորգեն Անդերսոնի և իր գործընկերների զեկույցը, որտեղ նրանք հաստատում են, որ երկիր մտած միջազգային օգնության կապիտալը (ներառյալ պետության ստացած խոշոր դրամաշնորհներն ու զարգացման վարկերը) չի ծառայել իրենց նպատակին, յուրացվել և ապօրինաբար դուրս է հոսել օֆշորներ և պահվել իշխանավոր-բիզնեսմենների օֆշորային հաշիվներում։ Երկրորդ օրինակը Հայաստանի դատարաններում քննվող մեկ ու կես միլիոն եվրոյից ավելի դրամաշնորհային գումարների յուրացման գործն է, երբ Եվրամիության պատվիրակության աշխատակիցները և հասարակական բազմաթիվ կազմակերպություններ, հանցավոր համագործակցության գալով, Եվրամիության դրամաշնորհային ֆոնդից հսկայական գումարներ են յուրացրել, այդ թվում՝ բնապահպանական հորջորջված ծրագրերի շրջանակներում։

Հայաստանում բնապահպանության պետական ոլորտի դրամաշնորհային իրավիճակի, յուրացումների, վատնումների մասին նույնպես կարելի է երկար խոսել, դրանք և՛ իրավապահ մարմինների հետաքննության առարկան են, և՛ պետական քաղաքականություն սահմանող ինստիտուտների, սակայն կրկին այստեղ դրան չէ, որ ցանկանում ենք անդրադառնալ։

Վերևի նախաբանը կարևոր ենք համարում, որպեսզի պարզաբանենք ու քննադատենք փետրվարի 12-ին ԱԺ-ում Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի հայտարարությունը։ Նա, ի պատասխան Հայկական բնապահպանական ճակատի տարածած հայտարարությանը հղում անող պատգամավորի, ասաց «…այդ տեքստը գրողները 4 տարի առաջ էլի էդ ձև տեքստ էին գրում, որ` նայեք, ՀԷԿ-երը և այլն, և այլն, հետո ստացան 70.000 դոլար դրամաշնորհ և հետո առաջարկեցին, որ ՀԷԿ-երի կառուցման համար բանկերը ինչ-որ մոտեցումներ ցուցաբերեն»։

Գրիգորյանի հայտարարությունը վերը նշված բացասական վերաբերմունք ձևավորելու համատեքստի մեջ է տեղավորվում։ Հայկական բնապահպանական ճակատը երբևէ չի ստացել ՀԷԿ-երի հետ առնչվող որևէ դրամաշնորհ, Գրիգորյանի նշած 70․000 դոլարը մասնավորապես, և դրամաշնորհ՝ առհասարակ։ Իբրև իրականությանը չհամապատասխանող տեղեկություն՝ սա զրպարտություն է ոչ թե այն պատճառով, որ դրամաշնորհ ստանալն ու դա որոշակի նպատակի համար ծախսելը վատ բան է, այլ այն պատճառով, որ դրամաշնորհային ծրագիր անելու համար մեր նախաձեռնությունն առնվազն պետք է գրանցված կազմակերպություն լիներ, այնինչ այն քաղաքացիների կամավորական խումբ է։ Բացասական է նաև Գրիգորյանի մտահանգման թելը, թե իբր «հետո առաջարկեցին, որ ՀԷԿ-երի կառուցման համար բանկերը ինչ-որ մոտեցումներ ցուցաբերեն»։ Այսինքն, նրա ասածից կարելի է ենթադրել, որ «փող ստացան հերիք չէ՝ արածներն էլ մի բան չէր»։

«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ն հենց հաջորդ օրը՝ փետրվարի 13-ին, արձագանքեց նախարարի հայտարարությանը և պարզաբանեց, որ ՀԷԿ-երի հետ կապված հիշատակված դրամաշնորհային ծրագիրն իրականացրել է իրե՛նց կազմակերպությունը, հիշատակեց, թե ով էր տրամադրել դրամաշնորհը, ինչ նպատակով էր այն օգտագործվել և ինչ կարևոր վերլուծություն էր արվել դրա արդյունքում։ Գրիգորյանին ծանր վիճակից հանելու համար «Փաստերի հավաքագրման հարթակը» փետրվարի 18-ին իր կայքում հրապարակեց հոդված, որում պարզաբանեց, որ Հայկական բնապահպանական ճակատը չի ստացել դրամաշնորհ, սակայն փորձեց մեղմել Գրիգորյանի դրությունը՝ նշելով, թե ՀԲՃ-ի անդամ Լևոն Գալստյանը հանդիսացել է վերը նշված դրամաշնորհային ծրագրի առաջին մասի (շուրջ 37.000 դոլար բյուջեով) մեկ տասնյակ փորձագետներից մեկը։ Ուզել են ասել, ՀԲՃ-ից ինչ-որ մեկը ինչ-որ գումար է ստացել։ Խորհրդանշական գումարը, որը ստացել է Լևոն Գալստյանը և որը համեմատելի չէ փորձագետների շուկայական վարձատության հետ (Էրիկ Գրիգորյանը շատ լավ գիտի այդ մասին, ինքն էլ վկայել է, որ շատ ավելի բարձր վարձատրությամբ է ապրել մինչև պետական պաշտոնյա դառնալը), չի կարող վերագրվել բնապահպանական ողջ նախաձեռնությանը. նույն կերպ, մեզանից ամեն մեկը տարբեր վարձու աշխատանքներ կարող է անել, բայց դա կապ չունի ողջ նախաձեռնության գործունեության հետ։

Հայկական բնապահպանական ճակատը նախարար Գրիգորյանից պաշտոնական նամակով հերքում պահանջեց, որին նախարարությունից պատասխանեցին միայն 20 օր անց՝ բառացի գրելով հետևյալը․ «Ի պատասխան Ձեր՝ 13.02.2020-ի դիմում-բողոքի հայտնում եմ, որ Շրջակա միջավայրի նախարար Է.Գրիգորյանը չի պատրաստվում հերքել գրությամբ հիշատակված ՀԷԿ-երի վերաբերյալ իր հնչեցրած միտքը»։

Հաշվի առնելով վերը շարադրվածը՝ կարելի է ապացուցված համարել այն, որ նախարարն իրականությանը չհամապատասխանող տեղեկություն է հրապարակել: Պարզ է նաև, որ նախարարը գիտի այդ մասին, քանի որ, անգամ եթե Աժ-ում ելույթի ժամանակ դիտավորությամբ չէր խեղաթյուրել փաստերը, ապա առնվազն այդ ելույթից հետո, Էկոլուրից ստացած նամակից իմացել է իրական փաստերի մասին: Եվ ուրեմն ինչո՞ւ է այս պետական պաշտոնյան նման ամբարտավան պատասխան տալիս քաղաքացիական նախաձեռնության կողմից իրեն ուղղված դիմումին:

Մենք տպավորություն ենք ստանում, որ նախարարն իր պատվից ցածր է համարում ընդունել իր սխալն ու իր արարքների համար հաշվետու լինել իրեն ծառայության նշանակած հանրության առջև։ Ենթադրում ենք, որ եթե ՀԲՃ-ի փոխարեն նա նման կեղծ փաստեր շրջանառած լիներ, պատկերացնենք օրինակ, որևէ միջազգային կազմակերպության կամ դեսպանության առնչությամբ, ապա առանց վարանելու, մեծ արագությամբ հերքած կլիներ սուտ տեղեկությունները:

Էրիկ Գրիգորյանի նման վարքագիծը նաև անվստահության նախադեպ է ստեղծում պետական պաշտոնյաների խոսքերի արժանահավատության վերաբերյալ: Այս առումով Գրիգորյանը գուցե օրինակ է վերցնում փոխվարչապետ Տիգրան Ավինյանից, ով արդեն մի քանի ամիս է չի կարողանում կամ չի ցանկանում պարզաբանել, թե իր տիրապետած տեղեկությունների համաձայն Ամուլսարի պայքարում ներգրավված ո՛ր անձինք կամ կազմակերպություններն են, որ ֆինանսավորվում են ինչ-որ հանքարդյունաբերողների կողմից:

Ազգային Ժողովն ու Կառավարության մյուս անդամներն առաջիկա օրերին, թերևս ասելիք ունեն, կամ էլ իրենց լռությամբ կլեգիտիմացնեն պետական բարձրաստիճան պաշտոնյաների նման վարքը:

  • Կիսվել: