երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ՇՄ փոխնախարարը ՄԱԿ-ի Պարենի ծրագրի ղեկավարների հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները

ՇՄ փոխնախարարը ՄԱԿ-ի Պարենի ծրագրի ղեկավարների հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները

Շրջակա միջավայրի փոխնախարար Աննա Մազմանյանի գլխավորած հայաստանյան պատվիրակությունը Գլազգոյում հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենի, համագործակցության հարցերով տեղակալ տիկին Ուտե Կլամերտի, Կլիմայի և աղետների ռիսկերի նվազման ծրագրերի ղեկավար պարոն Լագանդայի և Ծրագրերի պատասխանատու տիկին Պերգոլինիի հետ։
 
Քննարկել են ոլորտի առաջնահերթությունները և հնարավոր համագործակցության շրջանակը։
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակին՝ Հայաստանում պարենային անվտանգությանն առնչվող ծրագրերի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքի համար և կարևորել գործունեության շրջանակի ընդլայնումը։
 
Աննա Մազմանյանը տեղեկացրել է KfW-ի աջակցությամբ երկրում իրականացվող խոշոր ծրագրի մասին, որի բաղադրիչներից մեկն էլ միտված է բնության հատուկ պահպանվող տարածենքրին հարակից համայնքներում վարքագծի փոփոխությանը։
Այն իրականացվում է Սյունիքի մարզի համայնքներում։
 
Փոխնախարարը ներկայացրել է կլիմայի փոփոխությանն առնչվող որոշումներն ու քայլերը՝ հղում անելով փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի և Փարիզյան համաձայնագրի պահանջների ու դրույթների կատարման միջգերատեսչական համակարգման խորհրդին։
 
Աննա Մազմանյանը ներկայացրել է նաև Սևանա լճի էկոհամակարգի վերականգնմանն ուղղված նախարարության ծրագրերը։
 
Հանդիպմանը քննարկվել է են Կանաչ Կլիմայի Հիմնադրամի և Գլոբալ էկոլոգիական հիմնադրամների հետ համագործակցությամբ իրականացվող ծրագրերը։
Աննա Մազմանյանը կարևորել է կլիմայի փոփոխությանը հարմարվողականության և դիմակայունության նպատակով կատարվող ներդրումները։
 
Հանդիպման ավարտին կողմերը ողջունել են նման երկկողմանի հանդիպումների գաղափարը և պայմանավորվածություն ձեռք բերել շարունակել խորհրդակցություններն ու տեղեկատվության փոխանակումը՝ ի նպաստ համատեղ իրականացվելիք ծրագրի մշակման` համաձայն երկրի կարիքների և առաջնահերթությունների

  • Կիսվել: