երկուշաբթի, հունիս 16
16 / 6 / 2025
Շիրակի մարզում շարունակվում է հունիսի 14-ի ուժեղ քամու և կարկուտի պատճառած վնասների գույքագրումը

Շիրակի մարզում շարունակվում է հունիսի 14-ի ուժեղ քամու և կարկուտի պատճառած վնասների գույքագրումը

Շիրակի մարզում շարունակվում է հունիսի 14-ին գրանցված ուժեղ քամու և կարկուտի հետևանքով հասցված վնասների գույքագրման գործընթացը:   Հունիսի 16-ին հրավիրված մամուլի ասուլիսին Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը հայտարարեց, որ տարերքը մեծ վնաս է հասցրել Արթիկի և Ախուրյանի տարածաշրջանների մի շարք բնակավայրերի։ Վնասվել են բնակելի տների տանիքներ, կարկուտը վնասել է ցանքատարածքները։ Վնասներ են արձանագրվել նաև Գյումրիում՝ քամին քշել է տանիքները, տապալել ծառերը, ինչպես նաև ջրածածկվել են կենտրոնական փողոցները։ «Վնասվել են նաև դպրոցների տանիքները, ինչի հետևանքով վերանորոգման կարիք է առաջացել։ Պոկվել են թիթեղներ նաև դրամատիկական թատրոնի տանիքից։ Վնասներ կան բնակելի շենքերի տանիքներում՝ Շիրակացի փողոցում, Թբիլիսյան խճուղում և այլ վայրերում»,– նշեց Դավիթ Առուշանյանը։

Քամու հետևանքով տապալված ծառեր արձանագրվել են Գյումրու կենտրոնական, թատերական ու կայարանամերձ հրապարակներում, Հաղթանակի ու Գորկու այգիներում։ Սելեկցիոն կայանի ցանքատարածքներն էլ լուրջ վնասներ են կրել կարկտահարությունից։ «Ցանքատարածությունների վերաբերյալ ամբողջական պատկերը կհստակեցվի առաջիկա մի քանի օրերի ընթացքում։ Ներկայումս ընթանում է շենք-շինությունների վնասների գնահատում, իրականացվում է ֆինանսական հաշվարկ, որից հետո ամբողջական պատկերը կներկայացնենք Կառավարությանը՝ համապատասխան լուծումների համար»,– ասաց մարզպետը։

Դավիթ Առուշանյանի խոսքով՝ տարերքի հետևանքով շտապ օգնության կանչեր չեն արձանագրվել, չկան հիվանդանոց դիմած քաղաքացիներ և գազատարերի վնասումներ։ Գրանցվել են միայն որոշ թեքված հենասյուներ։

«Արթիկի որոշ գյուղերում և Գյումրու թաղամասերում արձանագրվել են էլեկտրամատակարարման խափանումներ, որոնք արդեն վերականգնվել են»,– ընդգծեց մարզպետը։

 

  • Կիսվել: