ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Շիրակի մարզպետը կարևորել է աղքատության, խոցելիության նվազեցմանն ուղղված ծրագիրը

Շիրակի մարզպետը կարևորել է աղքատության, խոցելիության նվազեցմանն ուղղված ծրագիրը

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր ընդունել է LEAD4Shirak ծրագրի ներկայացուցիչներին։
 
Անդրադառնալով «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման» (LEAD) ծրագրին՝ Շիրակի մարզպետը նշել է, որ կարևոր նախաձեռնություն է, քանզի նպատակ ունի նպաստել աղքատության, խոցելիության նվազեցմանը՝ գյուղական զարգացման միջոցով․
 
«LEADER ծրագիրն ինքնին կարևոր ենք համարում, քանզի միտված է համայնքների զարգացմանն ու նպատակ ունի նպաստելու գյուղական շրջանների ակտիվամցանը և դրան հնարավոր կլինի հասնել համայնքների կարողությունների հզորացման և մարդկանց համախմբման միջոցով, որն էլ փորձ է արվում իրականացնել ծրագրով։ Մենք պատրաստ ենք այս հարցում ձեզ աջակցելու և մեր լիազորությունների շրջանակում աջակցելու ծրագրերի իրականացմանը»։
 
LEAD4Shirak ծրագրի թիմի ղեկավար Հուսիկ Սարգսյանը մարզպետին է ներկայացրել ծրագրով նախատեսված աշխատանքների ընթացքը, գրանցած հաջողությունները, մասնավորապես տեղեկացնելով, որ ծրագրի խորհրդատվական խորհրդի կողմից վավերացվել են բիզնես և համայնքային զարգացման մի շարք նախաձեռնություններ, ամեն ինչ արվում է տեղական ակտիվ խմբերի արդյունավետությունն ու կայունությունն ապահովելու ուղղությամբ։
 
Հանդիպման ժամանակ քննարկվել են տարածաշրջաններում իրականացվող ծրագրերի ընթացքն ու անդրադարձ է կատարվել հենց տարածաշրջանների ներուժի հստակ մատնանշման և օգտագործման անհրաժեշտությանը։

  • Կիսվել: