հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Շիրակի մարզպետարանում անցկացվեց շտաբային ուսումնավարժանք

Շիրակի մարզպետարանում անցկացվեց շտաբային ուսումնավարժանք

Շիրակի մարզպետարանում հոկտեմբերի 19-ին անցկացվեց «ՀԱԷԿ-ի միջուկային և (կամ) ճառագայթային վթարների դեպքում Արմավիր քաղաքից Գյումրի քաղաք տարհանված բնակչության ընդունման և տեղաբաշխման կազմակերպումը» թեմայով շտաբային ուսումնավարժություն, որին մասնակցել են մարզպետարանի, Շիրակի մարզային փրկարարական վարչության ստորաբաժանումների ու մարզային մի շարք ծառայությունների ղեկավարներ և պատասխանատուներ։

Ուսումնավարժության կարևորությանն է անդրադարձել Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը՝ վարժանքների պատասխանատուներին հորդորելով լինել առավել զգոն և ուշադրություն դարձնել պլանով նախատեսված յուրաքանչյուր գործողության։

Մարզպետի որոշմամբ՝ ուսումնավարժության ղեկավար է նշանակվել փոխմարզպետ, Շիրակի մարզի բնակչության տարահանման հանձնաժողովի նախագահ Կարեն Մանուկյանը, ուսումնավարժության ղեկավարման շտաբի պետ է նշանակվել փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Ալեքսան Գյոզալյանը:

Համաձայն ուսումնամարզանքի ծրագրի՝  ՀԱԷԿ ռեակտորի հովացման համակարգի առաջնային ուրվագծում առաջացել է ջրի արտահոսք, և տեխնոլոգիական պարամետրերը դուրս են եկել անվտանգ շահագործման սահմաններից, անհրաժեշտություն է առաջացել Արմավիր քաղաքի բնակչությանը տարհանել և ժամանակավորապես վերաբնակեցնել Գյումրի քաղաքում: Ելնելով ստեղծված իրավիճակից և համաձայն ստացված ներմուծականների՝ բոլոր ծառայությունների և մարզային տարահանման հանձնաժողովի կողմից առանձին զեկույցներով ներկայացվել են իրականացվելիք գործողությունները։

Ուսումնավարժանքի նպատակն է ստուգել և կատարելագործել մասնակիցների հմտություններն ու ունակությունները ՀԱԷԿ-ի միջուկային և ճառագայթային վթարների դեպքում Արմավիրից Գյումրի տարհանված բնակչության ընդունման և տեղաբաշխման կազմակերպման և իրականացման գործում, ստուգել «ՀԱԷԿ-ի միջուկային և (կամ) ճառագայթային վթարների դեպքում ՀՀ Շիրակի մարզային տարահանման հանձնաժողովի պլանի» իրատեսությունը և կատարելագործել համագործակցությունը կառավարման մարմինների, կազմակերպությունների միջև:

  • Կիսվել: