ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Շինաշխատանքների ընթացքում փոշու որսիչ ցանցերի առկայությունը պարտադիր պահանջ կդառնա

Շինաշխատանքների ընթացքում փոշու որսիչ ցանցերի առկայությունը պարտադիր պահանջ կդառնա

Երևանի քաղաքապետարանը Կադաստրի կոմիտեի հետ կճշգրտի մայրաքաղաքի սահմանները: Այդ մասին զեկուցվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստին: Հանձնարարվել է այս և քաղաքաշինական մյուս ծրագրերում աշխատանքները կազմակերպել մեկ ընդհանուր սկզբունքով՝ օգտագործելով էլեկտրոնային GIS (աշխարհագրական տեղեկատվական համակարգ) համակարգը: Կադաստրի կոմիտեի հետ համայնքը կքննարկի նաև Կոնդ թաղամասի բնակիչների տների և հարակից տարածքների սահմանների ճշգրտման ու չափագրման խնդիրը:
 
Նիստի շրջանակում զեկուցված մյուս թեմաները ներկայացնում ենք ստորև.
 
«Երևանի բնակֆոնդի թարմացման, վթարային շենքերի վերականգնման նպատակով համայնքը կհամագործակցի կառուցապատողների հետ: Շահագրգռությունը մեծացնելու նպատակով առաջարկվել է դիտարկել ոչ թե մեկ շենքի, այլ բակի տրամաբանությունը, որը կներառի մի քանի շենք և հնարավորություն կտա բնակիչներին հարմարավետ տարբերակով բարելավելու իրենց բնակարանային պայմանները:
 
Համայնքային մանկապարտեզներում նախատեսվում է ներդնել երկարօրյա ծառայություն, ինչն աշխատող ծնողներին հնարավորություն կտա երեխաներին վերցնել աշխատանքային ժամերից հետո: Թե որ ծառայությունը ինչ սկզբունքով կմատուցվի՝ հավելյա՞լ վճարով, թե՞ այլ տրամաբանությամբ, քաղաքային իշխանությունը դեռ կքննարկի:
 
Վարչական շրջանների ղեկավարները ներկայացրել են այգիների, բակային տարածքների բարեկարգման ու հիմնանորոգման աշխատանքների ու ծավալուն ծրագրերի ընթացքը:
 
Հաշվի առնելով քաղաքում օդի աղտոտվածության մակարդակը՝ հանձնարարվել է որպես պարտադիր պահանջ սահմանել շինարարական աշխատանքների ընթացքում փոշու որսիչ ցանցերի առկայությունը և իրականացնել խիստ հսկողություն:
 
Գործարկման է պատրաստ քաղաքապետարանի կողմից իրականացվող նախագծերի վերաբերյալ բնակիչների կարծիքները գրանցելն ապահովող առցանց հարթակը: Հանձնարարվել է այդ հարթակում նոր առաջարկներ ներկայացնելու հնարավորություն ստեղծել»:

  • Կիսվել: