ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Սևանն այս տարի էլ կկանաչի, կլինեն դժվարություններ. Հակոբ Սիմիդյան

Սևանն այս տարի էլ կկանաչի, կլինեն դժվարություններ. Հակոբ Սիմիդյան

Սևանա լիճն այս տարի էլ կկանաչի, կլինեն դժվարություններ։ ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թ պետական բյուջեի կատարողականի տարեկան հաշվետվության ժամանակ տեղեկացրեց շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։

«Սևանա լճի մակարդակի պահպանումը բոլորիս խնդիրն է։ Այս ուղղությամբ տարածքային կառավարման նախարարության և մարզպետների հետ ակտիվ աշխատում ենք։ Այս պահին մեր ջրային ռեսուրսների վիճակը լավ չէ, և մենք հիմա պարտավորված ենք Սևանից ջուր բաց թողնել ոռոգման համար։ Այս տարի այդ առումով մեզ լավ տարի չի սպասվում, և, ցավոք, Սևանն այս տարի էլ կկանաչի, դժվարություններ կունենանք»,– հայտարարեց նախարարը։

Ըստ նրա` սակավաջրության տարիներ ունենալու ընթացակարգեր չկան, եղածն էլ բավականին թերի է։ Այս պահին գերատեսչությունն աշխատում է այս ուղղությամբ, ինչպես նաև փորձում ջրային այլ պաշարներ գտնել և ուղղել ոռոգման նպատակով, որպեսզի Սևանից քիչ ջուր բաց թողնվի։

Նախարարը հայտնեց, որ Սևանի վրա ճնշումը մեծ է, 5 խոշոր բնակավայրի կոյուղաջրերը թափվում են լիճ և միջազգային գործընկերների հետ աշխատանքներ են տարվում կոյուղաջրերի կենսաբանական մաքրման կայաններ կառուցելու նպատակով:

«Պետք է գյուղացիների հետ էլ աշխատենք, գյուղատնտեսական այլ ուղղություններ զարգացնեն և, օրինակ, անասնապահությունը, որը կարող է ճնշում ունենա Սևանա լճի վրա, փոխարինենք այլ գործիքակազմով»,-ասաց Սիմիդյանը:

  • Կիսվել: