ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Սևանա լճի էկոհամակարգի պահպանության համար նախատեսում են գումարներ չհատկացնել պետական բյուջեից

Սևանա լճի էկոհամակարգի պահպանության համար նախատեսում են գումարներ չհատկացնել պետական բյուջեից

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը e-draft.am կայքում շրջանառել է «Սևանա լճի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին» օրինագիծը: Առաջարկվում է պետական բյուջեից այլևս գումարներ չհատկացնել Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման համար, այլ գումարները հատկացվեն օրենսդրությամբ չարգելված աղբյուրներից՝ օտարերկրյա պետություններից, միջազգային կազմակերպություններից, ինչպես նաև իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից հանգանակություններից, նվիրատվություններից և այլն: ԷկոԼուրն անընդունելի է համարում այս փոփոխությունը, քանի որ Սևանա լիճը ՀՀ ռազմավարական նշանակության օբյեկտ է և նրա պահպանման, էկոհամակարգի վերականգնման և կայուն օգտագործման համար պետությունը պետք է ունենա առաջնային դերակատարում, այդ թվում ֆինանսական հատկացումներով՝ զուգակցված նաև օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից հատկացումներով:

Օրինագծով առաջարկվում է Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման տարեկան ծրագրի հաստատման լիազորությունը վերապահել ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը։ Գործող օրենքով այդ լիազորությունը վերապահված է Ազգային ժողովին:

Առաջարկվում է արդյունագործական որսի չափաքանակների սահմանումը վերապահել ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը: Ներկայում որսի չափաքանակը հաստատում է ՀՀ կառավարությունը:

Նախատեսվում է, որ Շրջակա միջավայրի նախարարությունը տրամադրի եզրակացություն Սևանա լճից տարեկան ջրթողումների և ջրառների պլան-ժամանակացույցի, ինչպես նաև դրանցում կատարված փոփոխությունների վերաբերյալ՝ մինչ դրանց հաստատումը:

Օրինագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել բնապահպանության ոլորտի լիազոր մարմնի կողմից վերահսկողության իրականացման դրույթը, սակայն չի առաջարկվում այլ մարմին վերահսկողություն իրականացնելու համար:

Ըստ՝ էկոլուրի։ 

  • Կիսվել: