շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Շրջակա միջավայրի նախարարությունը կավելացնի Սևանում բաց թողնվող իշխանի մանրաձկան քանակը

Շրջակա միջավայրի նախարարությունը կավելացնի Սևանում բաց թողնվող իշխանի մանրաձկան քանակը

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն աստիճանաբար կավելացնի Սևանա լիճ բաց թողնվող իշխանի մանրաձկան քանակը։

Այս մասին այսօր ասուլիսին ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը՝ անդրադառնալով 2023 թվականի գործունեության արդյունքների ամփոփմանն ու ոլորտի բարեփոխումներին։

«Սևանի էկոհամակարգի վերականգնման նպատակով 2023 թվականին լիճ է բաց թողնվել 231 հազար իշխանի մանրաձուկ։ Այս դինամիկան մենք 2024 թվականին կավելացնենք։ Նպատակադրված ենք այս տարվա համար իշխանի 300 հազար մանրաձուկ բաց թողնել։ Ամեն տարի քանակն, իհարկե, մեծացնել։ 2024 թվականից Շրջակա միջավայրի նախարարությունն է դարձել «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծական զարգացման» հիմնադրամին տրամադրելու ենք  495 միլիոն դրամ և առջևում նպատակ ունենք գործարանի կառավարման մոդելը փոխել և տրամադրված ենք, որ արդեն կառավարումը նույնպես կիրականացնի Շրջակա միջավայրի նախարարությունը»,-մանրամասնեց Սիմիդյանը։

Նախարարի տեղեկատվությամբ 2022, ինչպես նաև 2023 թվականներին սիգի արդյունագործական որսի համար գերատեսչության կողմից քվոտա է սահմանվել։

«Բայց ի տարբերություն 2022 թվականի՝ 2023-ի տվյալները լավ բանի մասին չեն խոսում, քանի որ, ըստ էության, 600 տոննայից տնտեսվարողները կամ ձկնորսներն ընդամենը 390 տոննայի թույլտվության համար են դիմել։ Սա վերլուծելու և գնահատելու առիթ է տալիս և մենք հիմա նաև գնահատում ենք, թե ինչի արդյունք է։ Իհարկե, նաև գնահատում ենք, թե այդ թույլտվություններն օգնու՞մ են էկոհամակարգի պահպանությանը, թե դրանք որոշակի ապօրինի շղթաների նոր հնարավորություններ են բացում»,-հավելեց գերատեսչության ղեկավարը՝ ընդգծելով, որ ամբողջ տարվա ընթացքում շարունակվել են ապօրինի ձկնորսության դեմ միջոցառումները, որի արդյունքում 919 խեցգետնաորսիչ է հանվել ջրից։

  • Կիսվել: