ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Սեպտեմբերի 1-ից Հայաստանում կբարձրանան կենսաթոշակներն ու նպաստները

Սեպտեմբերի 1-ից Հայաստանում կբարձրանան կենսաթոշակներն ու նպաստները

Սեպտեմբերի 1-ից Հայաստանում կենսաթոշակներն ու նպաստները կբարձրանան։ Այսօր կառավարության նիստում այս հայտարարությունն արեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը` ներկայացնելով համապատասխան որոշման նախագիծը։
Նվազագույն աշխատանքային հիմնական կենսաթոշակի չափը ներկայիս 18 000 դրամի փոխարեն սահմանվում է 21 800 դրամ, նվազագույն կենսաթոշակի չափը` 28 600 դրամի փոխարեն 30 500 դրամ, զինվորական կենսաթոշակի չափը` 18000 դրամի փոխարեն 20 000 դրամ, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափերը`
 
առաջին խմբի հաշմանդամի համար՝ 43 000 դրամի փոխարեն 45 000 դրամ,
 
երկրորդ խմբի հաշմանդամի համար՝ 33 000 դրամի փոխարեն` 35 000 դրամ
 
երրորդ խմբի հաշմանդամի համար՝ 30 000 դրամի փոխարեն` 32 000 դրամ։
Իսկ պարտադիր ժամկետային զոհված զինծառայողի ընտանիքի` կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակը 30 000 դրամի փոխարեն կսահմանվի 32 000 դրամ։
«Արդյունքում ակնկալվում է, որ աշխատանքային կենսաթոշակի միջին ամսական չափը կավելանա շուրջ 3100 դրամով` 43 200 դրամից կդառնա 46 300 դրամ, 7.1 տոկոսով, զինվորական կենսաթոշակները կավելանան 5 200 դրամով` 77 500-ից դառնալով 82 750 դրամ։ Արդյունքում կենսաթոշակների միջին չափում մենք կունենանք շուրջ 7 տոկոս ավելացում»,– ասաց Նարեկ Մկրտչյանը։
Կառավարության որոշմամբ կբարձրանան նաև ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը` 28600 դրամի փոխարեն դառնալով 30 500 դրամ, իսկ հաշմանդամ երեխայի նպաստի չափը` 37 000 դրամի փոխարեն կսահմանվի 39 000 դրամ։

  • Կիսվել: