չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Սա խայտառակություն է. Թանդիլյանը՝ գույքահարկի բարձրացման նախագծի մասին

Սա խայտառակություն է. Թանդիլյանը՝ գույքահարկի բարձրացման նախագծի մասին

«Սա խայտառակություն է, արտակարգ դրության պայմաններում գույքահարկի բարձրացման օրինագիծ քննարկելը չգիտեմ՝ ում մտքով կարող է անցնել, որ տնտեսական թիմի և որ տրամաբանության մեջ կարող է տեղավորվել»,- այս մասին այսօր խորհրդարանում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը՝ անդրադառնալով «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ» կատարելու մասին օրենքի նախագծին։

Ըստ նրա՝ անհասկանալի է նաև արտահերթ նիստով նման հարց քննարկելը, ինչը նշանակում է՝  հարցեր տալու հնարավորություն ընդհանրապես չի լինի, իսկ ասելիքը ահռելի է։

«Սա անթույլատրելի է, և իհարկե, կառավարության դանդաղկոտության արդյունք է։ Մինչև հունիսի 30 հասցրիք նախագիծը, այն էլ վատթարացնող նորմերով դրույթ բերեցիք»,- ասաց նա։

Մանե Թանդիլյանի խոսքով՝ օրենքի նախագիծն այնքան չաշխատված է, որ այս գույքահարկի հիմնական շահառուի՝ Երևանի համայնքապետարանի կարծիքը չկա։

«Իսկ ինչո՞ւ է դա կարևոր, քանի որ Երևանի քաղաքպետարանը 65% կատարողական ունի՝ քաղաքացիների հարկերը հավաքելու արդյունքում։ Նույնիսկ հավաքած գումարը չեն կարողանում ծախսել։ Կարո՞ղ է նախագիծը քննարկման առարկա դարձնեիք ամենախոշոր շահառուի հետ։ Երևի Ձեզ հետաքրքիր չէ ոչ ոքի կարծիքը»,- ընդգծեց պատգամավորը։

Պատգամավորը նկատեց, որ գույքահարկը միջինը 3-4 անգամ է բարձրանում, քանի որ մոտարկում ենք շուկայական արժեքին, և այն տոկոսները, որոնք որոշակի նվազում ունեն, մյուս կողմից ունենք 3-4 անգամ ավելացում կադաստրային արժեքից դեպի շուկայական նոտարված և աներկբա է, որ բացարձակ արժեքով բոլորի գույքահարկն ավելանում է:

«580 հազար նոր գույքային միավոր դառնում է հարկատու: Ասում եք՝ տեսանելի հարստությունն ենք հարկում, այդ մինչև 3 միլիոն դրամանոց գույք ունեցո՞ղն է տեսանելի հարստություն, որտե՞ղ է ձեր ասածի մեջ տրամաբանությունը, սա սոցիալական բաղադրիչ էր, որը վերացրել եք իսպառ։ Ասում եք՝ պրոգրեսային եկամտային հարկ էին վճարում, հիմա դա մի քիչ նվազել է։ Վստա՞հ եք, որ այդ  580 հազարի դեպքերում բոլորը եկամտահարկ վճարող էին։ Այստեղ կան նպաստառուներ, թոշակառուներ, սրանից հետո բոլորը դառնալու են անխտիր հարկ վճարող: Ի՞նչ է ձեզ տալու, օրինակ, 140 դրամ վճարած մի գյուղացու հարկը»,- ընդգծեց Մանե Թանդիլյանը։

Պատգամավորն ասաց, որ ինքը առաջարկություններ է ներկայացրել և համաձայն է, որ 200 միլիոնից ավելը պետք է ավելի հարկվի, բայց դրա հաշվին պետք է չհարկվող շեմ սահմանվի մինչ 10 մլն դրամի դեպքում։

  • Կիսվել: