երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Ռուսաստանում խաղի կանոններն իրական կյանքում մի փոքր այլ են. ՏՄՊՊՀ նախագահ

Ռուսաստանում խաղի կանոններն իրական կյանքում մի փոքր այլ են. ՏՄՊՊՀ նախագահ

Ռուսաստանում խաղի կանոնները մի փոքր այլ են օրենսդրությամբ, իրական կյանքում՝ այլ։ Այս մասին այսօր ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը` պատասխանելով հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանի հարցին, թե ինչու են ռուսական սուպերմարկետները պահանջում միջնորդ կազմակերպությունների մասնակցությունը` ռուսական շուկա հայկական ապրանքներն ընդունելու համար, այլ անմիջապես չեն ընդունում հայկական ապրանքներ` առանց որևէ միջնորդների:

Նշենք, որ հանձնաժողովի նիստում քննարկվում է «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից մրցակցության միասնական կանոնների պահպանման նկատմամբ հսկողության լիազորություններն իրականացնելիս գաղտնի տեղեկատվության պաշտպանության կարգի և դրա հրապարակման համար պատասխանատվության մասին» 2014 թվականի նոյեմբերի 12-ի համաձայնագրին միանալու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» հարցը։  

ՏՄՊՊՀ նախագահի խոսքով, խնդիրն ունի երկու կողմ. «Առաջինն այն է, որ մեր տնտեսվարողներին սահմանափակում են, իհարկե, այդ ամենը թղթի վրա չի արտացոլվում,  երկրորդ կողմն այն է, որ մենք երբեմն արտահանում ենք որոշակի ապրանքներ, որոնք ռուսական ստանդարտներին չեն համապատասխանում»։

Գեղամ Գևորգյանը նշեց, որ հայկական կողմն առաջարկել է լուծումներ: «Ռուսաստանի Դաշնության հակամենաշնորհային ծառայության հետ հստակ պայմանավորվածություն ունենք, որ երկու ձևով կարող ենք խնդիրը լուծել։ Մեկը ԵԱՏՄ շրջանակներում, իսկ մյուսը, երբ մենք կդիմենք այդ կառույցին և այն շատ արագ կարձագանքի: Ի դեպ, նրանց կողմից եղել է առաջարկը և պատրատվում էինք նույնիսկ հուշագիր ստորագրել, բայց կորոնավիրուսի պատճառով չկարողացանք հանդիպել»,- ասաց նա։

Քննարկումից հետո Հանձնաժողովը միաձայն ընդունեց ներկայացված նախագիծը։

 

  • Կիսվել: