հինգշաբթի, օգոստոս 13
13 / 8 / 2026
Ռուսաստանի Գյուղնախարարությունը հայտնել է հայկական ապրանքների՝ ռուսական շուկա մատակարարումների վերսկսման նախապայմանները

Ռուսաստանի Գյուղնախարարությունը հայտնել է հայկական ապրանքների՝ ռուսական շուկա մատակարարումների վերսկսման նախապայմանները

Ռուսաստանի Գյուղատնտեսության նախարարությունից հայտնել են, որ Ռուսաստան ներմուծվող հայկական գյուղատնտեսական արտադրանքի անվտանգության ապահովումը և պարտադիր պահանջների կատարումը ռուսական շուկա մատակարարումների վերսկսման նախապայմաններ են, տեղեկացնում է Ինտերֆաքսը:

Նշվում է, որ Ալմաթիում կայացած՝ ԵԱՏՄ գյուղատնտեսական քաղաքականության խորհրդի 7-րդ նիստի ընթացքում նախարարության ղեկավար Օքսանա Լուտի և ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հանդիպումից հետո Ռդ ԳՆ-ից հայտարարել են. «Գյուղատնտեսական արտադրանքի անվտանգության ապահովումը, այդ թվում՝ հայ արտադրողների կողմից տեղական հումքի օգտագործումը, թունաքիմիկատների վերահսկողությունը, մատակարարումների հետագծելիությունը և այլ պարտադիր պահանջները, ներկայումս սահմանափակումների ենթակա ապրանքների ներմուծման վերսկսման հիմնական նախապայմանն է»:

Լուտը Ռուսաստան մատակարարվող ապրանքների համապատասխանությունը ԵԱՏՄ անասնաբուժական և բուսասանիտարական չափանիշներին անվանել է բացարձակ առաջնահերթություն։

Ռուսական կողմն ընդգծել է գործող կանոնակարգերի անվերապահ պահպանման և առաքվող արտադրանքի անվտանգությունն ապահովելու ալգորիթմի մշակման անհրաժեշտությունը։

Հիշեցնենք, որ Հայաստանից արտադրանքի որակի և անվտանգության վերաբերյալ մտահոգությունների պատճառով Ռոսսելխոզնադզորը մայիսի 22-ին արգելք է դրել ծաղիկների ներմուծման վրա, թարմ լոլիկ, վարունգ, պղպեղ, կանաչ բանջարեղեն և ելակ՝ մայիսի 30-ին, կորիզավոր մրգեր (բալ, ծիրան, սալորաչիր, դեղձ և նեկտար) և թարմ խաղող՝ հունիսի 2-ին, նեխուր, սմբուկ, կարտոֆիլ և չոր մրգեր՝ հունիսի 3-ին, իսկ բոլոր կարանտինային ապրանքները՝ հունիսի 12-ին։

Բացի այդ՝ Ռուսաստան արտահանման համար նախատեսված կենդանի ձկան և ձկնամթերքի հավաստագրումը կասեցվել է հունիսի 2-ից, իսկ կաթնամթերքի ներմուծումը սահմանափակվել է հուլիսի 27-ից։

  • Կիսվել: