երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ռեստորանների համախառն վաճառքը մոտ 20 տոկոսով է ընկել, ոչ թե 70 տոկոսով. Վահան Քերոբյան

Ռեստորանների համախառն վաճառքը մոտ 20 տոկոսով է ընկել, ոչ թե 70 տոկոսով. Վահան Քերոբյան

Ռեստորանային ոլորտի ընկերությունների շրջանառությունը վերջին օրերին նվազել է՝ պայմանավորված կիրառվող սահմանափակումներով։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Նշենք, որ հունվարի 22-ից կիրառվում է որոշում, ըստ որի՝ հանրային վայրեր՝ ռեստորաններ, սրճարաններ ու մշակութային օջախներ այցելելու դեպքում պետք է կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան ներկայացնել, կամ պատվաստման հավաստագիր։

«Այս մի քանի օրվա տվյալների վրա հիմնված տեղեկատվությունը ցույց է տալիս, որ, այո, ռեստորանային ոլորտի ընկերությունների համախառն վաճառքը մոտ 20 տոկոսով ընկել է, ոչ թե 70 տոկոսով, ինչպես ասում են։ Իհարկե, կան ոլորտի ընկերություններ, որոնց մոտ շատ քիչ է ընկել՝ հաշվի առնելով իրենց հաճախորդների բազան, բայց կա, որ ավելի շատ է ընկել։ Մենք շատ ուշադիր հետևում ենք իրավիճակի զարգացմանը, բայց այստեղ կարևոր մաս կա, մենք չենք խոսում միայն պատվաստվածների մասին, կան մարդիկ, ովքեր պատվաստված են, բայց նաև վարակված են, թեստը տվել է դրական պատասխան, և այդ մարդիկ չեն կարող մտնել ռեստորան։ Դա էլ է կարևոր պատճառ, թե ինչու է ընկել շրջանառությունը։ Բնականաբար, որևէ գիտակից մարդ, վարակված լինելով, չպետք է մտնի ռեստորան»,- ասաց Քերոբյանը։

Նա նշեց, որ հետևում են իրադարձությունների զարգացմանը, կապի մեջ են թե սպասարկման ոլորտի, թե առողջապահության նախարարության գործընկերների հետ։

«Եվ եթե տեսնենք, որ վիճակը դուրս է գալիս նորմայի սահմաններ, ապա անպայման համատեղ ուժերով որևէ այլ մոտեցում կձևակերպենք։ Բայց այս պահին մենք գտնում ենք, որ այս միջոցը՝ օմիկրոնի այսպիսի վայրագ ու ագրեսիվ տարածմանը զուգընթաց, բավական ճիշտ է»,- ասաց Քերոբյանը։

  • Կիսվել: