ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Քննարկվել են Սևանա լճի հիմնախնդիրները, մասնավորապես՝ ոռոգման նպատակով լճից 2023 թ․ ոռոգման շրջանում ջրառի չափաքանակը

Քննարկվել են Սևանա լճի հիմնախնդիրները, մասնավորապես՝ ոռոգման նպատակով լճից 2023 թ․ ոռոգման շրջանում ջրառի չափաքանակը

Այսօր Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն հանդիպում-քննարկում է ունեցել շրջակա միջավայրի պահպանության հարցերով զբաղվող անհատների, բնապահպանական, հասարակական կազմակերպությունների և նախաձեռնող խմբերի ներկայացուցիչների հետ։

Ողջունելով հանդիպման մասնակիցներին, նախարարը նախ շնորհակալություն է հայտնել հանդիպման հրավերն ընդունելու համար և շեշտել, որ հանդիպման նպատակն է ոլորտի խնդիրներով մտահոգ հասարակական հատվածի ներկայացուցիչների հետ քննարկել վերջին շրջանում գույքագրված խնդիրները և դրանց լուծման ճանապարհին դիտարկել հանրային կարծիքը և տրամադրությունները։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել բնապահպանական խնդիրների լայն շրջանակի՝ օրենսդրական կարգավորումներից մինչև արձանագրված խնդիրներ ու դրանց լուծումների առաջարկներ։

Հանդիպման ընթացքում առանձնակի ուշադրություն է հատկացվել Սևանա լճի հիմնախնդիրներին, մասնավորապես՝ ոռոգման նպատակով Սևանա լճից 2023 թվականի ոռոգման շրջանում ջրառի չափաքանակին։

Նախարարը փաստել է, որ Սևանա լիճը առաջնային նշանակություն ունեցող բնական պաշար է, որի պահպանության գործում չի խնայվում որևէ ջանք և որ լճի էկոհամակարգի առողջացման և վերականգնման ճանապարհին պակաս կարևոր չի որևէ բաղադրիչ, որտեղ առկա խնդիր կա։ Այս համատեքստում նախարարը խոսել է լճի ափամերձ և ջրածածկման ենթակա անտառաշերտի մաքրման աշխատանքներից և կեղտաջրերի դեպի լիճ հոսքի կառավարման մասին։

Անդրադարձ է կատարվել հանրապետության ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման խնդրին։ Նախարարն ի պատասխան գործընկերներին հուզող հարցերի ներկայացրել է ոլորտում մեկնարկած օրենսդրական բարեփոխումները և խոսել չշահագործվող հորատանցքերի լուծարման, կոնսերվացման գործընթացների պատշաճ իրականացման նոր մեխանիզմներից։

Քննարկվել են «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ու փորձաքննության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքում տեղ գտած նոր կարգավորումները և մասնավոր դեպքերի օրինակներով դրանց կիրարկման հնարավորությունները։

Անդրադարձ է կատարվել հանրապետության և մասնավորապես՝ Երևան քաղաքի տարածքում մթնոլորտային օդի որակի խնդրին, քննարկվել են աղբավայրերի այրման հետևանքով մթնոլորտ վնասակար նյութերի արտանետումների մոնիթորինգի և դաշտում կարգավորումների և վերահսկողության բացերը։ Նախարարը գործընկերներին տեղեկացրել է, որ այժմ նախարարությունում ամենօրյա ռեժիմով խնդրի շուրջ լուծման աշխատանքներ են տարվում և խնդրել ժամանակ՝ դրանք կյանքի կոչելու համար։

Նախարար Հակոբ Սիմիդյանը ներկայացրել է նաև բնության հուշարձանների գույքագրման շրջանակում իրականացվող աշխատանքները՝ անդրադառնալով հանրության ուշադրության կենտրոնում գտնվող Հատիս լեռան խնդրին։

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել վերականգնել նախարարին կից հասարակական խորհրդի գործունեությունը և պարբերաբար նման հանդիպումների միջոցով ուշադրության կենտրոնում պահել Հայաստանի Հանրապետությունում շրջակա միջավայրի ոլորտում առկա խնդիրները։

  • Կիսվել: