ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Քննարկվել են հարկային ոլորտին առնչվող նախագծեր

Քննարկվել են հարկային ոլորտին առնչվող նախագծեր

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 10-ին հրավիրած նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը նշել է, որ առկա գլոբալ բնապահպանական խնդիրները` օզոնային շերտի քայքայումը, գլոբալ տաքացման հետևանքով կլիմայի փոփոխությունն արդեն վնասակար ազդեցություն են թողնում շրջակա միջավայրի, ինչպես նաև մարդկանց կյանքի ու առողջության վրա:

Այս բնագավառում Հայաստանը շարունակում է կատարել իր ստանձնած միջազգային պարտավորությունները, որոնք բխում են «Օզոնային շերտի պահպանության մասին» Վիեննայի կոնվենցիայից, «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրությունից, ինչպես նաև ԵԱՏՄ իրավակարգավորումներից:

ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված են շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար բնապահպանական հարկի դրույքաչափերը:  Նախագծով առաջարկվում է օրենսգրքի համապատասխան աղյուսակից դուրս բերել այն օզոնաքայքայիչ նյութերը, որոնց ներմուծումը մեր երկիր արգելված է: Նշված նյութերի ներմուծման և իրացման համար բնապահպանական հարկի դրույքաչափերը նախատեսվում է սահմանել 2.0 տոկոս:

Նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

Նշվել է, որ ակցիզային դրոշմանիշերով և դրոշմապիտակներով ապրանքների դրոշմապիտակավորման համար օրենսգրքով սահմանված կարգավորումների գործնական կիրառման ընթացքում առաջացել են մի շարք խնդիրներ, մասնավորապես՝ դրոշմանիշերի և պիտակների ստացման, վերադարձման, պատասխանատվության միջոցների կիրառման համաչափության, վերագրումների կատարման էլեկտրոնային համակարգերի հստակեցման, ապրանքների վերափաթեթավորման, ինչպես նաև գրավի առարկա հանդիսացող ապրանքների դրոշմավորման հետ կապված:

Նախագծի ընդունումը  պայմանավորված է ՀՀ հարկային օրենսգրքի առանձին դրույթների վերանայման, դրանցում բովանդակային, խմբագրական փոփոխություններ կատարելու և նոր կարգավորումներ սահմանելու անհրաժեշտությամբ:

«ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծով առաջարկվում է  վնասված դրոշմապիտակների առումով սահմանել բացառություն դրոշմավորման ընթացքում խոտանված այն դրոշմապիտակների համար, որոնք ենթակա չեն վերադարձման հարկային մարմին: Դրանց համար տուգանքը փոխարինվել է տպագրության համար ծախսերի փոխհատուցմամբ: 

Էականորեն վերանայվել է սահմանված ժամկետում չվերադարձված դրոշմապիտակների համար նախատեսված պատասխանատվության չափը այն դեպքերի համար, երբ դրանք վարչական վարույթի շրջանակում վերադարձվել և հետ են ընդունվել հարկային մարմնի կողմից:

Քննարկման արդյունքում օրենսդրական փաթեթը ստացել է դրական եզրակացություն: 

  • Կիսվել: