կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Քերոբյանն անշարժ գույքի գործակալներին կոչ է անում գտնել տանտերերին և համոզել վարձով տալ

Քերոբյանն անշարժ գույքի գործակալներին կոչ է անում գտնել տանտերերին և համոզել վարձով տալ

Երևանում կան տասնյակ հազարավոր թափուր աշխատատեղեր, որոնք շատ մեծ դժվարությամբ են լրացվում, քանի որ Երևանում մատչելի բնակարան չկա և մարզերից մարդիկ չեն կարողանում գալ և աշխատել։ Այս մասին 2023 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը` անդադառնալով Երևանում վարձով բնակարանների խնդրին։

Նախարարը հայտնել է, որ իրենք խնդրի լուծման համար տարբերակներ են դիտարկում և առանձնացրել, ըստ իրեն, ամենախելամիտ տարբերակները։

«Առաջինը մենք հավաքել ենք կառուցապատողներին, քանի որ մեր պատկերացմամբ` նորակառույցներում ևս կան չբնակեցված բնակարաններ և խնդրեցինք նույնականացնել չբնակեցվող բնակարանները և տանտերերի հետ խոսելով` մտցնեն շուկա։ Այդպես մի քանի հազար բնակարանի հարց լուծել ենք»,– նշել է Քերոբյանը։

Քերոբյանը հայտնել է, որ այս պահին Երևանում 22 հազար չբնակեցված բնակարան կա։ Այս թիվը նախարարությունը ստացել է էլեկտրականությունից օգտվող բնակարանների քանակը հաշվելով։

«Անշարժ գույքի գործակալներին ասել ենք` գնան, գտնեն բոլոր փակ դռները, տանտերերին։ Եվ ունենք որոշակի հաջողություններ` Երևանում մոտավորապես 8000 բնակարանի փակ դուռ բացվել է»,– նշել է Քերոբյանը` կոչ անելով անշարժ գույքի գործակալաներին գտնել բնակարանատերերին և համոզել վարձով տալ։

Որպես խնդրի մեկ այլ լուծում Քերոբյանը տեսնում է Երևանում հանրակացարանային միջավյարի ստեղծումն ու զարգացումը, որպեսզի մարդիկ կարողանան սենյակ վարձել մատչելի գներով։

Այս ուղղությամբ նախարությունը աշխատանքներ է տանում ներդրողների հետ, որպեսզի Երևանում հանրակացարաններ կառուցվեն։

  • Կիսվել: