շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Քանի որ այդ աշխատանքը հարմար չի ՀՀ բնակիչներին, աշխատատեղերը լրացնում են աշխատանքային միգրանտները. Քերոբյան

Քանի որ այդ աշխատանքը հարմար չի ՀՀ բնակիչներին, աշխատատեղերը լրացնում են աշխատանքային միգրանտները. Քերոբյան

Հայաստանի տնտեսության զարգացմանը խոչընդոտ հանդիսացող խնդիրներից է աշխատուժի սուր պակասը: Այս մասին, այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Այսօր աշխատուժի պակաս ունենք տնտեսության բոլոր ճյուղերում: Քանի որ այդ աշխատանքը հարմար չի Հայաստանի բնակիչներին, ստացվում է, որ աշխատատեղերը կամ մնում են թափուր, կամ լրացվում են դրսից եկած աշխատանքային միգրանտներով: Առաքման ծառայությունները, շինարարական ընկերությունները, արդյունաբերական, գյուղատնտեսական ընկերություներն ունեն ցածր որակավորում ունեցող աշխատուժի սուր պահանջարկ, ու տեսնում ենք, որ դա մեր ընկերություններին խանգարում է աճել»,-ասաց նա:

Հարցին, թե ինչպես է կառավարությունը պատրաստվում լուծել այդ խնդիրը՝ հաշվի առնելով, որ հիմնական պատճառը ցածր աշխատավարձներն են, Քերոբյանը պատասխանեց. «Մենք գիտակցում ենք ցածր աշխատավարձի խնդիրը եւ այդ խնդիրը լուծելու գլխավոր եղանակը այս տարի կառավարության ընդունած տնտեսության արդիականացման ծրագիրն է, որի ներքո մենք ընկերություններին խրախուսում ենք, ֆինանսավորում ենք , որ ձեռք բերեն ժամանակակից հոսքագծեր, բարձրացնել արտադրողականությունը, հետեւաբար հնարավորություն ունենալ ավելի բարձր վճարել իրենց աշխատակիցներին: Հոկտեմբերի  վերջի դրությամբ այս ծրագրից արդեն 426 ընկերություն օգտվել է: Ընդհանուր սարքավորումների պորտֆելն արդեն 32 մլրդ դրամի է հասել: Սա էական քայլ է տնտեսության արտադրողականության բարձրացման, հետեւաբար նաեւ աշխատավարձերը բարձրացնելու ուղղությամբ»:

Ինչ վերաբերում է աշխատանքային միգրանտներին, նախարարն ասաց, որ այսօր իրենց համար գլխավորը տնտեսական աճն է. «Այսինքն եթե տեսնում ենք, որ աշխատատեղը չի լրացվում ՀՀ քաղաքացու կողմից, ապա դա պետք է լրացվի այլ մարդու կողմից: Ոչ մի տեղ չպետք է թափուր մնա»:

  • Կիսվել: