Քաղաքաշինության կոմիտեում հանդիպել են Ջրային կոմիտեի և ջրօգտագործողների ընկերությունների ներկայացուցիչները
Քաղաքաշինության կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում Ջրային կոմիտեի և ջրօգտագործողների ընկերությունների ներկայացուցիչների հետ։
Քննարկվել են urban.e-gov.am հարթակով կառուցապատման թույլտվությունների տրամադրման գործընթացում ջրօգտագործողների ընկերությունների ներգրավման, նրանց կողմից սպասարկվող ջրային կառույցներին առնչվող համաձայնեցումների տրամադրման վերաբերյալ հարցեր։
Քաղաքաշինության կոմիտեի նախագահի խորհրդական Հովսեփ Հովեյանը, ճարտարապետության և քաղաքաշինության վարչության խորհրդական Դավիթ Դալլաքյանը ներկայացրել են գործող ընթացակարգերով urban.e-gov.am թվային հարթակում առաջնորդվելու սկզբունքները։ Նրանք առանձնահատուկ կարևորել են սահմանված ժամկետների պահպանումը՝ տեղեկացնելով այդ նպատակով հարթակում ներդրված ինքնաշխատ գործիքների մասին։
Անդրադարձ է կատարվել նաև ՋՕԸ-ների կողմից քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման գործընթացում ծագող խնդիրներին և դրանց լուծման անհրաժեշտությանը։ Կոմիտեի և հարթակը սպասարկող ընկերության մասնագետները պատասխանել են ՋՕԸ-ների ներկայացուցիչների հարցերին, պատրաստակամություն հայտնել աջակցելու հարթակից օգտվող մասնագետներին՝ նրանց համար կազմակերպելով նաև վերապատրաստման դասընթացներ։