չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Պռոշյանում կառուցվող «Հերոսների վերականգնողական քաղաք»-ի շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են

Պռոշյանում կառուցվող «Հերոսների վերականգնողական քաղաք»-ի շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն այցելել է Արցախյան վերջին պատերազմից հետո Պռոշյան համայնքում «Հերոսների վերականգնողական քաղաքը» նախագծի շրջանակում կառուցվող կենտրոնի շինհրապարակ՝ տեղում ծանոթանալու իրականացվող աշխատանքներին, նախագծի հեղինակ Սուրեն Արեենցի հետ քննարկելու և հասկանալու հընթացս առաջ եկող խնդիրները: Այս մասին հայտնում են Կոտայքի մարզպետարանից։

«Լայնածավալ ու մեծ մասշտաբների հասնող ծրագիր է իրականացվում և մեր պարտքն է կանգնել նման նախագծեր իրականացնողների կողքին, աջակցել, որպեսզի նախագիծը կյանքի կոչվի, մանավանդ, որ այս կենտրոնը հնարավորություն է տալու անվճար բուժում ստանալ այն քաղաքացիներին, ովքեր պատերազմի պատճառով ստիպված են հաղթահարել հոգեկան առողջության հետ կապված բազմաթիվ խնդիրներ»,- նշել է մարզպետ Ահարոն Սահակյանը:

«Հերոսների վերականգնողական քաղաքը» նախագծի շրջանակում կառուցվող կենտրոնը կրելու է ՀՀ Ազգային հերոս Վահագն Ասատրյանի անունը: Տարածքում կառուցվում է նաև 44-օրյա պատերազմի հերոս Վարդան Ամալյանի անունը կրող պուրակ:

Մարզպետը շինաշխատանքների վերաբերյալ որոշ դիտարկումներ և առաջարկներ է հնչեցրել: Մի քանի կոնկրետ խնդիրներ էլ ներկայացվել են Սուրեն Արեենցի կողմից, որոնց լուծման ուղղությամբ մարզպետի լիազորությունների շրջանակում նախատեսվող քայլերն ուշանալ չեն տա:

  • Կիսվել: