ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Փոքր և միջին ձեռնարկությունները արդեն կարող են դիմել արտոնյալ վարկեր ստանալու համար․ Փոխնախարարը ներկայացրել է պայմանները

Փոքր և միջին ձեռնարկությունները արդեն կարող են դիմել արտոնյալ վարկեր ստանալու համար․ Փոխնախարարը ներկայացրել է պայմանները

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնելուն ուղղված 3-րդ միջոցառման շրջանակներում հաստատվել է շահառուների ընտրության ու նրանց համար վարկեր սահմանելու մասին էկոնոմիկայի նախարարի որոշումը։

«Այս միջոցառումները փոքր ու միջին ձեռնարկությունների աջակցմանն են միտված։ Ծրագրին կարող են մասնակցել այն ընկերությունները, որոնք գործում են զբոսաշրջության, առողջապահության, հանրային սննդի, մշակող արդյունաբերության, կեցության ոլորտներում, որոնց շրջանառությունը 2019-ին եղել է 24-500 մլն դրամի շրջանակներում», -այսօր տեղեկատվական միասնական կենտրոնում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը։ Բացի այդ, կազմակերպությունները պետք է ունենան նաև վարկային բարվոք պատմություն։

Ծրագրին, ըստ փոխնախարարի, կարող են դիմել այդ ընկերությունները և ստանան անտոկոս վարկեր։ «Դրանց մենք անվանում ենք արտոնյալ վարկեր, որոնք տրամադրվում են 36 ամսով՝ երկու տարիների համար դրանք անտոկոս են լինելու, իսկ երրորդ տարվա համար վարկը գործում է 12 տոկոսով», -ներկայացրեց փոխնախարարը։

Նաիրա Մարգարյանի խոսքով, վարկը տրամադրվելու է անկանխիկ ու կարող է ծախսվել աշխատավարձի, հարկերի, վարձակալության, հումքի, կոմունալ վճարների համար։

«Վեց ամիս շահառուն մարում չի կատարելու, յոթերորդ ամսից հավասարաչափ մարումներ են նախատեսված մինչև վարկի պայմանագրի ավարտը։ Զոսաշրջային ծառայությունների ու կացության ոլորտների համար կա լրացուցիչ պայման՝ եթե այդ երկու ոլորտից շահառուն վերցրել է վարկ, որը չի գերազանցում 10 մլն-ը, ապա 7-12-րդ ամիսներին նա մարում է հավաարաչափ։ Բոլոր դեպքերում մինչ սահմանված ժամկետը ամսական մարումները չեն գերազանցելու 70 հազար դրամը», ներկայացրեց փոխնախարարը։

Վաղաժամ մարումներ, փոխնախարարի խոսքով, հնարավոր են, նույնիսկ՝ խրախուսվում են։

Դիմումներ կարող են ներկայացնել ներդրումների աջակցման կենտրոն՝ www.isc.am, գործելու է թեժ գիծ` 8-105 041-010523:

  • Կիսվել: