երկուշաբթի, հունիս 16
16 / 6 / 2025
Փոքր և միջին ձեռնարկությունների հարկման համակարգը վերափոխելու գաղափարներ ունենք. Վահե Հովհաննիսյան

Փոքր և միջին ձեռնարկությունների հարկման համակարգը վերափոխելու գաղափարներ ունենք. Վահե Հովհաննիսյան

Հայաստանի կառավարությունը քննարկում է հարկային նոր օրենսգիրք ունենալու հայեցակարգային հարցերը, և այս իմաստով նաև որոշակի գաղափարներ կան հարկման համակարգի վերափոխման վերաբերյալ:

Հունիսի 16-ի ասուլիսում հարկային փոփոխությունների մասին հարցին այսպես պատասխանեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ներկայացնելով որոշ մանրամասներ: 

«Կառավարության 2021-26 թվականների ծրագրով նախատեսված է հետզհետե վերացնել արտոնությունները (խմբ. հարկային արտոնությունները), որովհետև կարծում ենք, որ դրանք արդյունավետ չեն: Հիմա մի քանի գաղափար կա, որոնք քննարկվում են: Երբ այդ քննարկումներն առարկայանան, արդեն դրա մասին կխոսենք և ավելի լայն կքննարկենք այդ հարցերը: Ավելի լայն համատեքստում հիմա քննարկում ենք ընդհանրապես հարկային նոր օրենսգիրք ունենալու հայեցակարգային հարցերը, և այս իմաստով նաև գաղափարներ ունենք այն մասին, թե շրջանառության հարկը կամ փոքր և միջին ձեռնարկությունների հարկման  համակարգը ինչպես պետք է վերափոխվի, որպեսզի դառնա իրականում այնպիսի մի միջավայր, որը մեր փոքր և միջին ձեռնարկություններին կօգնի ստեղծման փուլում խուսափել ավելորդ վարչարարության հետ կապված հարցերից, բայց միևնույն ժամանակ հնարավորություն ստեղծի ունենալ մոտիվացիա արագ զարգանալու և մեծանալու և խեղաթյուրումներ չառաջացնի ընդհանուր հարկման համակարգի և այսպես կոչված արտոնյալ հարկային համակարգի միջև: Այդ խեղաթյուրումներն արդեն նկատվել են, և դրան են ուղղված եղել նաև վերջին 1-2 տարիների ընթացքում ընդունված որոշ սահմանափակումները»,- նշեց նախարարը:  

Նա հավելեց, որ նախորդ շաբաթ քննարկում են ունեցել հասարակական կազմակերպությունների հետ: Հարկային խորհրդի շրջանակում, որում ընդգրկված են տարբեր շահառու խմբեր ներկայացնող հ/կ-ներ, քննարկվել են նաև այս թեմային առնչվող գաղափարական հարցեր:       

 

  • Կիսվել: