ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Պետությունը շուրջ 6 մլրդ դրամ կհատկացնի մարզերի հողօգտագործողներին՝ մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման համար

Պետությունը շուրջ 6 մլրդ դրամ կհատկացնի մարզերի հողօգտագործողներին՝ մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման համար

Արագածոտնի մարզպետարանը դիմել է հողօգտագործողներին՝ պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագրից օգտվելու առնչությամբ:

՛՛Հարգելի՛ հողօգտագործողներ, «ՀՀ հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագրերից» օգտվելու համար կարող եք ձեր համայնքապետարան ներկայացնել ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի անհրաժեշտ քանակի վերաբերյալ հայտեր։

Ծրագրի շահառուներ կարող են դառնալ ցանկացած մակերեսով հողատարածքում մշակություն իրականացնող տնտեսավարողները։

Մատչելի գնով պարարտանյութի գնման գործընթացը մեզ հետ զրույցում պարզաբանել է Արագածոտնի մարզպետարանի գյուղատտնտեսության և բնապահպանության վարչության պետ Յուրի Ազատյանը։

Այսպիսով, ՀՀ Կառավարությունը պարարտանյութի վաճառքի գնի 50 տոկոսի չափով սուբսիդիա կամ փոխհատուցում կտրամադրի ծրագրի շահառու յուրաքանչյուր հողօգտագործողի։

«Ծրագրի շրջանակում պարարտանյութերի վաճառքն իրականացվում է պայմանագրային հիմունքներով։ Հողօգտագործողն այժմ կարող են իրենց համայնքի ղեկավարին ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը։ Դրանց հաստատումից հետո շահառուն (հողօգտագործողը) պարարտանյութի ձեռքբերման համար պարարտանյութի վաճառքի գնի 50 տոկոսի չափով գումարը փոխանցում է մատակարարի հաշվեհամարին և փոխանցումը հավաստող փաստաթղթի պատճենը տրամադրում է մատակարարին։ Գործընթացի իրականացման մնացած մասն առաջիկա ամիսներին ապահովում են ծրագրի մյուս մասնակիցները՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, մատակարարը, համայնքները։ Ծրագրի կատարման մեկնարկը նախատեսված է մարտի 4-ին»,-ասաց Յուրի Ազատյանը։

Նշենք, որ այս տարի պարարտանյութի նվազագույն շահավետ գներն են՝

 ազոտական- 1 պարկը (50 կգ)` 19000 դրամ (հողօգտագործողը մատակարարին վճարում է 9500 դրամ, մնացածը մատակարարին է վճարում պետությունը)

ֆոսֆորական-1 պարկը (50 կգ)՝ 23000 դրամ (հողօգտագործողը մատակարարին վճարում է 11500 դրամ, մնացածը վճարում է պետությունը)

 կալիումական-1 պարկը (50 կգ)՝ 23000 դրամ (հողօգտագործողը մատակարարին վճարում է 11500 դրամ, մնացածը վճարում է պետությունը)։

Հավելենք, որ ըստ Արագածոտնի մարզի ներկայացրած պահանջարկի՝ մեր հողօգտագործողներին 2022թ․ գարնանային գյուղատնտեսական աշխատանքների համար ընդհանուր թվով անհրաժեշտ է 3088 տոննա պարարտանյութ (այդ թվում՝ ազոտական, ֆոսֆորական, կալիումական) ։

Ծրագրի ֆինանսավորումն իրականացվելու է ՀՀ պետական բյուջեից։

2022թ․ ծրագրի կատարման համար նախատեսվում է բյուջեից շուրջ 6․0 մլրդ դրամի հատկացում՝ 10 մարզերի կարիքները բավարարելու նպատակով՛՛,-ասված է հայտարարության մեջ։

  • Կիսվել: