ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Պետությունը շարունակում է քայլեր ձեռնարկել երեխա ունեցող ընտանիքներին խրախուսելու ուղղությամբ. Նարեկ Մկրտչյան

Պետությունը շարունակում է քայլեր ձեռնարկել երեխա ունեցող ընտանիքներին խրախուսելու ուղղությամբ. Նարեկ Մկրտչյան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ:
 
«Սիրելի՛ երեխաներ,
 
Շնորհավորում եմ Ձեզ ամենապայծառ տոներից մեկի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ։ Ձեր խաղաղ և անհոգ մանկության ապահովման ու առողջ զարգացման համար անհրաժեշտ միջավայրի ստեղծումն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առաջնահերթություններից է, և մեր ամենօրյա աշխատանքը նաև այս նպատակին է ուղղված։
 
Կարևորելով երեխայի ընտանիքում ապրելու իրավունքի իրացումը՝ նախարարությունը շարունակում է անհրաժեշտ աշխատանքներ իրականացնել պետության հոգածության ներքո գտնվող հաստատություններում խնամվող երեխաների համար։ Վերջիններիս ընտանիքներին զորեղացնելու, իրավագիտակցությունն ու տեղեկացվածության մակարդակը բարձրացնելու շնորհիվ՝ փորձում ենք երեխաներին վերադարձնել ընտանիք կամ առնվազն ապահովել ընտանեկանին մոտ այլընտրանքային խնամքի միջավայր՝ զարգացնելով խնամատարության ինստիտուտը։ Որպես արդյունք՝ ԱՍՀՆ ենթակայությամբ գործող հաստատություններում նախկինում բնակվող 93 երեխա այս պահին խնամք ու դաստիարակություն է ստանում 61 խնամատար ընտանիքում։
 
Պետությունը շարունակում է քայլեր ձեռնարկել նաև երեխա ունեցող ընտանիքներին խրախուսելու ուղղությամբ․մասնավորապես՝ երրորդ և հաջորդ երեխայի ծննդով պայմանավորված ծրագրից այս պահի դրությամբ օգտվում է ավելի քան 2500 շահառու, երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերից միայն 2022 թվականին օգտվել է 885 ընտանիք։
 
Եվս մեկ անգամ շնորհավորելով տոնի առթիվ՝ մաղթում եմ անհոգ ու երջանիկ մանկություն՝ սիրով ու հոգածությամբ շրջապատված»,- ասված է գրառման մեջ։

  • Կիսվել: