շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Փետրվար-մարտ ամիսներին սպառած գազի դիմաց գումարը ամբողջությամբ չի վճարել 111, 944 բնակիչ-բաժանորդ․ «Գազպրոմ Արմենիա»

Փետրվար-մարտ ամիսներին սպառած գազի դիմաց գումարը ամբողջությամբ չի վճարել 111, 944 բնակիչ-բաժանորդ․ «Գազպրոմ Արմենիա»

Ապրիլի 30-ի դրությամբ փետրվար և մարտ ամիսներին սպառած բնական գազի դիմաց գումարը ամբողջությամբ չի վճարել 111 944 բնակիչ-բաժանորդ: Այս մասին Tert.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությանից։

Հիշեցնենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ ապրիլի 22-ից կոմունալ ծառայությունների դիմաց չվճարելու դեպքում ծառայությունը մատուցող ընկերությունն արդեն իրավունք ունի կասեցնել այն։ «Գազպրոմ Արմենիան» էլ տեղեկացրել էր, որ ապրիլի 22-ից հետո 3 օրվա ընթացքում վճարում չկատարած բնակիչ-բաժանորդների գազամատակարարումը սահմանված կարգով կդադարեցվի:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 28-ին ֆեյսբուքի իր էջի ուղիղ եթերում՝ խոսելով կոմունալ ճգնաժամի մասին, հայտնել էր, որ ՀՀ-ում կա մոտ 623 հազար գազի բաժանորդ, որոնցից 736-ի գազի մատակարարումը դադարեցվել է․ «Ընդ որում, գազի պարագայում բոլոր սպառողների, որոնց գազամատակարարումը դադարեցվել է, պարտքը կազմում է 80 հազար դրամ և ավելի»,- նշել էր Նիկոլ Փաշինյանը։

Նշենք, որ Կառավարության հակաճգնաժամային միջոցառումներից երկուսով պետությունը որոշ չափով վճարելու է փետրվար ամսին սպառած գազի և էլեկտրաէներգիայի վճարները։ Մասնավորապես, մինչև 10 հազար դրամ սպառած գազի դիմաց պետությունը փոխհատուցելու էր 50 տոկոսը, մինչև 30 հազար դրամի դեպքում՝ 30 տոկոսը։ Գումարը փոխանցվի բնական գազ և էլեկտրաէներգիա մատակարարող ընկերություններին միջոցառման շահառու հանդիսացող բնակիչներին հետագա փոխանցման պայմանով։ Պարտքի առկայության դեպքում այդ գումարը կուղղվի բաժանորդի պարտքի մարմանը, իսկ դրա բացակայության դեպքում կձևակերպվի որպես կանխավճար։

«Գազպրոմ Արմենիայից» Tert.am-ին տեղեկացրին, որ այս երկու միջոցառումներով Կառավարությունից փոխանցվել է 1 մլրդ 698 հազար 872 մլն 781 մլն դրամ։

«2020թ. փետրվարին սպառած բնական գազի համար 50% փոխհատուցում տրամադրվել է  215 695 բնակիչ-բաժանորդների, փոխհատուցված գումարը կազմել է 474 903 616 դրամ: 2020թ. փետրվարին սպառած բնական գազի համար 30% փոխհատուցում է տրամադրվել է  206 136 բնակիչ-բաժանորդների,  փոխհատուցված գումարը կազմել է 1 223 969 165 դրամ»,- ասված է հարցման պատասխանում։

  • Կիսվել: